Ավստրալիայում բնակվող բրիտանացի քաղաքացու վիզան չեղարկվել է, և նա կանգնած է արտաքսման սպառնալիքի առաջ՝ նացիստական խորհրդանիշներ տարածելու և հակասեմական կոչեր անելու մեղադրանքով։ Քվինսլենդում ապրող 43-ամյա տղամարդը ձերբակալվել է սոցիալական ցանցերում նացիստական գաղափարախոսություն տարածելու և հրեական համայնքի դեմ բռնության կոչ անելու համար։ Նա այժմ պահվում է Բրիսբենի ներգաղթային կալանքի կենտրոնում և հունվարին կկանգնի դատարանի առաջ։
Ներքին գործերի նախարար Թոնի Բըրքն հայտարարել է, որ նման վարքագիծը անհամատեղելի է Ավստրալիայի արժեքների հետ և շեշտել է, որ վիզայով երկիր եկողները այստեղ հյուր են։ Տղամարդը կարող է բողոքարկել որոշումը կամ կամավոր լքել երկիրը, կամ էլ արտաքսվել հայրենիք։
Դեպքը տեղի է ունենում այն պահին, երբ Ավստրալիան խստացրել է ատելության հողի վրա հանցագործությունների դեմ օրենքները՝ սահմանելով պատիժներ նացիստական խորհրդանիշների և ողջույնների համար։ Ոստիկանությունը հայտարարել է, որ արագ ու խիստ քայլեր է ձեռնարկում նման վարքագիծը կանխելու և հասարակության անվտանգությունն ու համախմբվածությունը պաշտպանելու համար։























