ԵՀՄՖ -ի հայտարարությունը Ցեղասպանության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում` ապրիլի 25 ին, Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Խաչքարի տեղակայված պուրակում` ի ազդարարում 100-ամյա տարելիցի սկզբի, տեղի Է ունենալու 1,5 միլիոն նահատակների ոգեկոչման և հիշատակին նվիրված արարողություն, իսկ ավարտից հետո ընդունելություն: Միջոցառմանը իրենց մասնակցությունն են բերելու սլովակյան պետական-քաղաքական գործիչներ, հոգևոր հայրեր, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, մշակութային գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ոգեկոչման արարողությանը ավանդաբար իր խոսքն է արտահայտելու Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ, Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը ամբողջությամբ:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Մեծապատիվ Հայր Սուրբ

Սլովակիայի կառավարության և Ազգային Խորհրդի մեծարգո անդամներ,

Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մեծարգո ղեկավարներ,

Հարգելի հյուրեր,

Սիրելի Տիկնայք, Հարգելի Պարոնայք

Այսօր սկսվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերջին տարին: Հարյուր տարի է Հայ ժողովուրդը պայքարում է իր հետ կատարվածի դեմ, արդյունքում հսկայական թվով երկրներ դատապարտել են արդեն Թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը, որը առաջինն էր քսաներորդ դարում և, որը հիմք հանդիսացավ նաև հրեական հոլոքոստի ու այլ ցեղասպանությունների անպատիժ իրականացման համար: Ավելի քան քսան երկրների, այդ թվում Ռուսաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և այլոց պառլամենտները դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը, սակայն Եվրոմիության միակ երիկիրը Սլովակիան է, որը ցեղասպանության դատապարտմանը տվել է նաև օրենքի ուժ:

Սա իր նախադեպը չունեցող իրավական ակտ է և սրանով Սլովակիան մի քայլ առաջ է անցել մնացած երկրներից ու դարձել առաջատար ճշմարտության և արդարության հաստատման, մարդկության դեմ կատարված ոճրի պատիժ սահմանելու հարցում: Սլովակ մեծ ժողովուրդը խիզախորեն մարտահրավեր է նետել Թուրքիային` իր պատմության հետ առերեսվելու և կատարած հանցագործությունը ընկալելու առումով, և դատապարտել է այդ հանցագործության ժխտումը նաև օրենքով` Սլովակիայի ՔՕ-ի 424 հոդվածով: Հինգ տարի է այս օրենքը գործում է Սլովակիայում և Եվրոպայի միայն մեկ երկիր՝ Շվեյցարիան, կարողացել է համանման օրենք անցկացնել, այն էլ միայն մասնակի տարածաշրջանի կտրվածքով:

Սիրելի Տիկնայք, հարգելի Պարոնայք,

Վաղուց ժամանակն է, որ մյուս երկրներն էլ կրկնեն Սլովակիայի փորձը և ընդունեն նման օրենքներ, որպեսզի թուրքերը զրկվեն կեղծիք տարածելու հնարավորությունից ու, «մաքրվելով» ցեղասպանության մեղադրանքից, անցնեն քաղաքակիրթ ազգերի շարքը: Այո, սա հատկապես հարկավոր է թուրք ժողովրդին, և սա արդեն քաջ գիտակցում են առաջադեմ թուրք մտավորականներն, որոնց թվում են Օրհան Փամուկը, Թաներ Աքչամը, Ահմեդ Զարադօղլուն: Նրանք, վտանգելով իրենց անձն թուրքերից, առաջինը խոսեցին Հայոց ցեղասպանության մասին:

Ամիս առաջ, ես` որպես Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ, նամակով դիմեցի Թուրքիայի Նախագահ Աբդուլլա Գյուլին, նշելով, որ եթե Թուրքիան մի փոքր ևս հապաղի Հայոց Ցեղասպանության ընդունման հարցում, ապա ամենայն հավանականությամբ կբախվի հենց իր երկրում զարգացող հզոր ժողովրդավարության ուժգնացող ալիքին և կխորտակվի` ժխտելով տարրական ճշմարտությունները: Հուսանք, որ մեր ասածը ընկալելի կլինի Թուրքիայի նախագահի համար, և ապագայում մենք կունենանք համաշխարհային բարձրագույն արժեքներին հարող հարևան: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախված է Հայոց Ցեղասպանության հարցի ամբողջովին ընդունումից, և ահա այս պահանջով էլ մենք սկսում ենք հարյուրամյա տարելիցի տարին ու խոստանում Թուրքիային օր ու արև չտալ, մինչև այս հարցի դրական` արդարցի լուծում ստանալը:

ԵՀՄՖ նախագահ

դոկ. Աշոտ Գրիգորյան

24.04.2014թ.




Լրահոս