Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատվիրակություն է ուղարկել Եգիպտոսի մայրաքաղաք՝ Գազայի հատվածից մնացած վերջին իսրայելցի պատանդի մարմնի վերադարձի շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Նեթանյահուի հանձնարարությամբ, գերիների և անհետ կորածների հարցերով համակարգող, բրիգադի գեներալ (պահեստազոր) Գալ Հիրշը այսօր առավոտյան (դեկտեմբերի 24-ին խմբ.) մեկնել է Կահիրե, որտեղ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների և միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումները կենտրոնացել են զոհված պատանդ Ռան Գվիլիին վերադարձնելու գործողության ջանքերի և մանրամասների վրա», – ասվում է հայտարարության մեջ։
Գրասենյակը հավելել է, որ պատվիրակության կազմում են եղել Իսրայելի բանակի, Շին Բեթ անվտանգության ծառայության և Մոսադ հետախուզական գործակալության ներկայացուցիչներ։























