Armenian text to speach

ՖՈՏՈ․ Ապամոնտաժվում է Արման Հակոբջանյանի առանձնատան մի հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդու՝ Արման Հակոբջանյանի՝ Սևանի ափին կառուցված առանձնատան լողավազանն արդեն մի քանի օր է՝ ապամոնտաժվում է։

Ապամոնտաժումն իրականացվում է «Սևան ազգային պարկի» ուժերով, քանի որ «Հետք»-ը գրել էր, որ 2020 թվականին Հակոբջանյանն առանձնատունը կառուցում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության։ 2021 թվականին, սակայն, նա ստացել է ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն և Սևանի ափին մեկ առանձնատան փոխարեն կառուցել է երկու առանձնատուն։

Ինչպես «Հետք»-ը հայտնել էր, ՇՄԱԳ նախագծում Արման Հակոբջանյանը կցել է կառուցապատման ընդամենը մեկ հատակագիծ, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սևանի ափին ոչ թե մեկ, այլ երկու առանձնատուն և օժանդակ շինություններ են կառուցվելու։

Ըստ հատակագծի և կից տեղեկատվության՝ 0.5 հա հողամասում կառուցվելու է մեկ երկհարկանի քարե առանձնատուն և ևս մեկը՝ փայտե։ Նույն փաստաթղթի համաձայն՝ տարածքում նախատեսված է կառուցել մեկ լողավազան։

 

Սակայն, ինչպես երևում է, առկա են երկու լողավազան, որոնցից մեկը գտնվում է անմիջապես լճի մեջ։ ՇՄԱԳ նախագծում ներկայացված միակ լողավազանը տեղակայված է քարե տան դիմաց, իսկ երկրորդ լողավազանի տեղում փաստաթղթերում լողափ է պատկերված։ Լճի մեջ կառուցված լողավազանի հարակից հատվածները քարապատ կամ բետոնապատ են, որոնք ներկայումս քանդվում են։

Ի պատասխան ArmLur.am-ի հարցման՝ Դատախազությունից հայտնել են, որ Դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրերի արդյունքում այս պահի դրությամբ Սևանա լճի ափամերձ, բացարձակ նիշից ցածր, տարբեր անձանց պատկանող 10 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) են ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական շուրջ 20 շենք-շինություններ։ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր։

Էմմա Միքայելյան




Լրահոս