Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողերի լվացում, ապօրինի առքուվաճառք. քանի տարի ազատազրկում է սպասվում Դիանա Գասպարյանին և ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս ArmLur.am-ը հայտնել էր, որ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել: Համաձայն պաշտոնական հրապարակման Դիանա Գասպարյանին առաջադրված հոդվածներով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսված:

Երեկ Գասպարյանը երեկ անդրադարձավ այս մեղադրանքներին․

«Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին: Իսկ մինչ այդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս»,- գրել է Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Հիշեցնենք՝ Դատախազությունից հայտնել են, դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը։ 37-ամյա Դիանա Գասպարյանը պաշտոնը լքելու մասին հայտնեց մայիսին՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին:

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկանում ենք, որ Գասպարյանը նպատակ է ունեցել Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում գտնվող համայնքին պատկանող հողամասը դարձնել ընտանիքին պատկանող։ Այդ նպատակով կազմակերպվել է ձևական աճուրդ, որտեղ համայնքապետի ամուսնու հոր հանձնարարությամբ և ֆինանսավորմամբ, նրա հետ փոխկապակցված անձը մասնակցել է աճուրդին և 2022 թվականին ճանաչվել հաղթող՝ որպես միակ մասնակից։ Արդյունքում՝ շուրջ 189 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը օտարվել է ավելի քան երեքուկես անգամ ցածր գնով՝ մոտ 52 միլիոն դրամով։ Փաստացի այդ գույքը հայտնվել է համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների վերահսկողության տակ։

Դրանից հետո, նույն սխեմայով նախկին քաղաքապետի սկեսրայրը դիմել է համայնքապետարան՝ խնդրելով իրեն արդեն «պատկանող» հողամասին կից համայնքային նշանակության հողամասը ևս վաճառել ընդլայնման նպատակով։ Քաղաքապետ հարսը, խախտելով օրենքի և կառավարության որոշումների պահանջները, այդ հողամասը վաճառել է ոչ թե աճուրդով և ավագանու որոշմամբ, այլ ուղղակի եղանակով: Ավելին՝ մոտ 54 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող գույքը օտարել է շուրջ 5.5 միլիոն դրամով, այսինքն՝ գրեթե տասն անգամ ավելի էժան։ Գույքը մի քանի անգամ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է համայնքապետի ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց։

Իսկ երկու տարի առաջ էլ այդ գույքը 63.5 միլիոն դրամով վաճառվել է համայնքապետի ամուսնու մորը՝ Ռուզաննա Ասատրյանին, որն էլ այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում։ Հետագայում, արդեն համայնքապետ Գասպարյանի որոշմամբ, այդ հողամասի մի մասի գործառնական նշանակությունը փոխվել է՝ հասարակականից դարձնելով բնակելի կառուցապատման տարածք։ Այնուհետև գույքը բաժանվել է տարբեր հասցեների, և տրամադրվել են բնակելի տների կառուցման թույլտվություններ։

Այս գործողությունների համար Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։ Գասպարյանին օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են առաջադրվել նաև ամուսնուն ու նրա ծնողներին: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը հայտարարագրերում չներկայացնելու համար։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս