Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Կարեն Ալբերտի Ավանեսյանին Բաքուն դատապարտեց 16 տարվա ազատազրկման։ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի որոշման մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Կարեն Ավանեսյանը դատապարտվեց իբրև ահաբեկչության փորձ կատարելու համար։ Ադրբեջանը պնդում է, որ նա նպատակ է ունեցել մահափորձ իրականացնել Իլհամ Ալիևի նկատմամբ։
Ավանեսյանին, որը, ըստ նրան ճանաչող արցախցիների, տառապում է հոգեկան խանգարումով, մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի յոթ այլ հոդվածներով։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 14-ին։ Նույն այն օրը, երբ Ստեփանակերտ էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ Բաքվի ուժայինների՝ 58-ամյա Կարեն Ավանեսյանը Կալաշնիկով ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփով և 5 նռնակներով փորձել է մոտենալ Ալիևի գտնվելու վայրին, բայց տարածքում գտնվող ոստիկանները կանխել են նրա կողմից ծրագրավորված ահաբեկչությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ Կարեն Ավանեսյանը դիմադրել է, կրակ բացել, նռնակներ նետել, ինչին ի պատասխան կրակ են բացել նաև ոստիկանները՝ վիրավորել, ապա՝ ձերբակալել նրան։ Ադրբեջանը
նաև տեսանյութ էր հրապարակել՝ ապացուցելու Կարենի, այսպես կոչված, ահաբեկչությունը։
Տեսանյութում երևում է, որ Կարեն Ավանեսյանը պարկով է և գտնվում է Ստեփանակերտի Սասունցի Դավիթ փողոցում, առավել հայտնի Շուկայի թաղամասում, մինչդեռ ահաբեկչության թիրախը՝ Իլհամ Ալիևը գտնվում էր Ստեփանակերտի Մխիթար Գոշ 5 հասցեում գտնվող Արցախի պետական համալսարանում, որտեղ էլ տեղի էր ունենում կլինիկայի բացման արարողությունը։
Սասունցի Դավիթ և Մխիթար Գոշ հասցեներին մի շարք այլ փողոցներ և բավականին մեծ տարածություն է բաժանում։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























