Քիչ առաջ Armlur.am-ը հավաստի աղբյուրներից տեղեկացավ, որ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը դիմում է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Հաղորդման բովանդակության համաձայն` դատապարտյալը խնդրել է Հակոբյանից և Կոստանյանից ՔԿ հիմնարկ ուղարկել համապատասխան ծառայողների, որպեսզի ինքը հաղորդում տա համակարգի աշխատակիցների` տեսուչներ Գարիկ Մեսրոպյանի և Արտակ Մկրտչյանի կողմից իրականացված հափշտակության և դանակահարության վերաբերյալ:
Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ դատապարտյալ Հակոբյանը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, և Երևան տեղափոխվելու ճանապարհին նրա ուղղությամբ կրակել է ՔԿՀ աշխատակից Արթուր Մարուքյանը: Այն ժամանակ, երբ դատապարտյալը հաղորդում է տվել դեպքի առթիվ, Մարուքյանի գործընկերները ստիպել են Արտակ Հակոբյանին հետ վերցնել ցուցմունքը: Սակայն վերջինս հրաժարվել է ցուցմունքը հետ վերցնել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ դատապարտյալին դանակահարել են ՔԿՀ վերոնշյալ աշխատակիցները:
Ավելին` Armlur.am-ին հայտնի դարձավ նաև, որ դանակահարության ժամանակ աշխատակիցները հափշտակել են դատապարտյալ Հակոբյանի ոսկյա շղթան` մոտ 19 գրամ քաշով, որը նրան դեռևս չեն վերադարձվել:
Դատապարտյալն իր դիմումում նշել է նաև, որ այն ուշ ներկայացնելու պատճառը իր` վատառողջ լինելն է:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` տեսուչներ Մեսրոպյանն ու Մկրտչյանը հեռացվել են համակարգից. նրանց լիազորությունները դեպքին հաջորդող օրվանից կասեցվել են:
Հիշեցնենք, որ դատապարտյալը բազմիցս բարձրաձայնել է, որ իր նկատմամբ ոտնձգություններ անելու պատվեր է կատարվում ՔԿՀ մի քանի աշխատակիցների կողմից: Սակայն իրենց կամքից անկախ չի ստացվել կանխամտածվածն ավարտին հասցնել:
Տաթև Հարությունյան