Երեկ ԳԱԱ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանն անդրադարձել է Սևանա լճի ջրային պաշարների անխնա օգտագործմանը` կոչ անելով դադարեցնել լճից ջրի լրացուցիչ բացթողումը.« Հարգելի դեպուտատներ, ինչպիսի հեշտությամբ եք դուք ձեր անկարողության արդյունքում շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար դնում Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը»,- նշել է ակադեմիկոսը:
ԳԱԱ ժողովին մասնակցող Սերժ Սարգսյանը, ով սովոր է լսել ակադեմիկոսների քծնանքաշատ ելույթները` հանկարծակիի է եկել հնչած քննադատությունից և Ջրբաշյանի հայտարարություններից հետո, չկարողանալով զսպել վրդովմունքը, ակադեմիկոսին մեղադրել է ոչ գիտական գնահատականի մեջ.« Ես խնդրում եմ՝ Սևանի մասին գիտական խոսք ասեք, ոչ թե հուզական»,- կշտամբել է Սարգսյանը:
Մինչդեռ ակադեմիկոսի բարձրացրած հարցը ոչ միայն գիտականորեն հիմնավորված է, այլև՝ դրա դեմ տարիներ շարունակ պայքարում են բնապահպանները.«Մենք ավելացնում ենք Սևանի հոսքը, որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, 70 տոկոսը կուղարկենք Նախիջևան: Ջուրը պահել չենք կարողանում: Եթե գյուղացին փող չունի, ենթադրենք, ջուր չենք տալիս նրան ջրելու, էդ ջուրն ինչ է լինում՝ գնում է Ադրբեջան»,- Ջրբաշյանի այս պնդմանը Ս. Սարգսյանը հակադարձել է` հայտարարելով. «Սևանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում»,-իսկ ջրի բացթողումն էլ արվում է` ելնելով բնակլիմայական պայմաններից, որպեսզի «Արարատյան դաշտը չչորանա»:
Հետաքրքիր է` գիտական, հիմնավորված խոսք ասելու պահանջով ակադեմիկոսներին դիմող Սարգսյանը չի՞ մտածում այն մասին, թե որքանո՞վ են իր պնդումները հիմնավոր:
Մասնավորապես 5 տարով լճից ջրառը 70 մլն խմ-ով ավելացնելու որոշումը ինչպես կարող է պայմանավորված լինել բնակլիմայական պայմաններով: Ինչ է, Ս. Սարգսյանն առաջիկա հինգ տարվա համար կարողանում է կլիմայական պայմանները կանխատեսե՞լ:
Եվ կամ` ինչպե՞ս կարող է Ս. Սարգսյանը հայտարարել, թե Սևանա լճի ջուրը գյուղացիներին անվճար տրամադրելու փոխարեն չի հոսում Նախիջևան, այն դեպքում, երբ դա ոլորտի բոլոր մասնագետներին հայտնի փաստ է:
Ինչ վերաբերում է Արարատյան դաշտավայրի չորանալուն, ապա անգամ Բնապահպանության նախարարությունն է արձանագրել, որ Արարատյան ավազանի ընդերքային ջրերը նվազել են, ինչի արդյունքում ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալը մեծացել է: Իսկ դրա պատճառը երկրի նորանշանակ վարչապետին, նրա խնամուն և մի քանի այլ օլիգարխներին պատկանող ձկնաբուծարանների կողմից ջրի անխնա օգտագործումն է:
Հետևաբար` Ս. Սարգսյանի զայրույթը, մեղմ ասած, անտեղի է, իսկ ներկայացրած արդարացումներն էլ` անհիմն: Ավելին` նրա արձագանքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանություններն առաջիկայում անելու են ամեն ինչ` թույլ չտալու լճի մակարդակի հետագա բարձրացումը: