Թուրքիայի մարդու իրավունքների միությունը Հայոց Ցեղասպանության 99-րդ ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որով Թուրքիայի իշխանություններին կոչ է անում վերջ տալ Ցեղասպանության ժխտմանը. հայտնում է Asbarez-ը:
Հայտարարության մեջ նշվում է, թե Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին մոտ երկու միլիոն հայ էր բնակվում Օսմանյան կայսրությունում, սակայն Ցեղասպանությունն ու Թուրքիայի կառավարության քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ այսօր այդպիսի թիվ գոյություն չունի:
Հիմա Թուրքիայում ապրում է 60.000 հայ: Հայտարարության մեջ նաև դատապարտվում է հայկական մշակույթը ոչնչացնելու նպատակով տարված աշխատանքն ու հայերի հարստությունը բռնազավթելը:
Հատկապես քննադատության են ենթարկվում այն թուրք մտավորականները, ովքեր կարծում են, թե հայերն արժանի էին Ցեղասպանության:
«Ցեղասպանությունը չպետք է քաղաքական ու դիվանագիտական բանակցությունների նյութ դառնալու մակարդակին իջնի և դառնա գործիք միջազգային հարաբերությունների կայացման համար: Պետք չէ մոռանալ, որ Ցեղասպանությունն ամենից առաջ մարդկային լայնածավալ ոչնչացում է, որ գործադրվել էր Թուրքիայի կողմից: Այն մարդկության դեմ հանցագործություն է: Թուրքիան պետք է անսա Ցեղասպանությունը ճանաչելու և վնասները հատուցելու մասին պապենական հողերից արմատախիլ եղած հայերի կոչին», – ասվում է հայտարարության մեջ: