Ստորև ձեզ ենք ներկայացնում «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» (սղագրություն) գրքից մի փոքրիկ հատված:
Բեռլին: 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում – Հարդենբերգ փողոց – ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանությւոն:
– Ո՞վ է սպանվել:
– Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ:
– Ո՞վ է սպանել:
– Երիտասարդ մի հայ, ուսանող:
Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը, եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ:
Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել է ժողովրդասպան մի հանցագործի:
Ո՞վ է սպանվել:
Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի:
Այո, երեք անգամ ու երեք տարբեր կողմերից նա դատապարտված է եղել մահապատժի: Նրա անունը Թալեաթ է, որ փաշայի տիտղոս էլ ունի:
Առաջին անգամ նա մահապատժի է դատապարտվել 1915 թվականի մայիսի 24-ին, իր մահից դեռ վեց տարի առաջ, երբ համաշխարհային առաջին պատերազմի մասնակից Ֆրանսիայի և Անգլիայի և այլ դաշնակից պետությունները France press գործակալության միջոցով թուրքական պաշտոնական «Հավաս» գործակալությանը հայտնել էին, որ այսօրվա Թուրքիայի կառավարության ղեկավարները պատերազմից հետո կկանչեն պատասխանատվության և կպատժվեն խստագույն կերպով, այսինքն` մահապատժով, հայկական ջարդեր կազմակերպելու համար:
Դա Թալեաթի մահապատժի առաջին դատավճիռն էր, որ չիրագործվեց, քանզի պատերազմից անմիջապես հետո, անգլիական իշխանությունները վերոհիշյալ պատասխանատուներին ձերբակալելով` ոչ թե գործադրեցին մահավճիռը, այլ փոխադրեցին-աքսորեցին Մալթա կղզի, որտեղ նրանք մեկ առ մեկ փախուստ տվին:
Եվ մահապատիժը չգործադրվեց:
Երկրորդ անգամ նա մահապատժի դատապարտվեց 1920-ին, իր կառավարության տապալումից հետո կազմակերպված թուրքական նոր կառավարության ռազմական դատարանի կողմից: Եվ երկրորդ անգամ դատավճիռը չգործադրվեց, որովհետև այդ փաշան կեղծ անձնագրով, ուրիշի անվան տակ, փախավ Բեռլին:
Սպանվել էր մեկը, որ արժանի էր եղել մահապատժի նույնիսկ թուրք ժողովրդի նորաստեղծ կառավարության դատարանի կողմից:
Երրորդ դատավճիռը ուրիշ էր: Այն ոչ մի պետության կողմից չէր: Դա հայոց տված ազգային մահապատիժն էր, հայ ժողովրդի անունից:
Այդ է, որ կատարել էր Սողոմոն Թեհլերյանը:
Այդպես էլ հասկացել էին նրա դատապաշտպանները:
«Այդ պահին, երբ ամբաստանյալը (Սողոմոն Թեհլերյանը) փողոց իջավ և ատրճանակը ուղղեց իր զոհի դեմ … այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել, որ նա իմ առջևից տանում էր իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշը, դրոշը խոշտանգվածների, դրոշը իր լլկված ընտանիքի …»:
Համակ պետություններ են պայքարում մարդասպանների դեմ, հետևապես մարդասպաններին ոչնչացնելը համամարդկային պարտականություն է:
Բեռլինի դատավորը … գիտեր, թե ինչու է Թեհլերյանը սպանել Թալեաթին: Նրա մտահոգությունն այն էր, որ դատը չստանար քաղաքական բնույթ …