Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում ծնված Ալխաս Ղազարյանը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021 թվականին։
Այս տարի վերջապես ընդգրկվեց ՔՊ վարչության կազմում, նա քվեարկության արդյունքների համաձայն ամենաշատ ձայներ հավաքած կին թեկնածուն էր։
Ղազարյանը 2008 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ոչ մետաղական և սիլիկատային դժվարահալ նյութերի տեխնոլոգիայի ֆակուլտետը, իսկ 2010թ.՝ ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիայի ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:
2013-2017թթ. Ղազարյանը եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի անօրգանական նյութերի տեխնոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ:
Ալխաս Ղազարյանը քաղաքականություն է մտել 2021թ., երբ հունիսի 20-ի ընտրություններով ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
ԱԺ-ում նա 2021թ. օգոստոսի 2-ից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը և ներկայումս հանդիսանում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2024թ. նոյեմբերի 13-ից նաև Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի անդամ է:
Իսկ ինչ ունեցվածք ունի պատգամավորը․
Ալխաս Ղազարյանը Վաղաշեն գյուղում հայտարարագրել է բաժնային սեփականության իրավունքով 12 անշարժ գույք՝ հողամաս՝ ձեռք բերված 1992 թվականին ։ Ըստ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ պատգամավորը 2023 թվականին ձեռք է բերել ևս մեկ անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարանը գտնվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, որի արժեքը կազմել է 30 մլն 792 հազար դրամ։
Տրանսպորտային միջոցներ Ղազարյանը չի հայտարարգրել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 188 հազար 265 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 70 հազար դրամ, որից 10 մլն 222 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից։
Եկամուտներից 1 մլն 267 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր եվ անօրգանական քիմիայի ինստիտուտից», իսկ 1 մլն 580 հազար դրամը նույն կառույցից Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 667 հազար դրամ, որից 27 մլն 156 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Էմմա Միքայելյան

























































































