Իսլանդիայում Սուրբ Ծննդյան նախօրեին գրանցվել է աննախադեպ բարձր ջերմաստիճան․ Սեյդիսֆյորդուր քաղաքում օդը տաքացել է մինչև 19.8°C, մինչդեռ դեկտեմբերին միջին ջերմաստիճանը սովորաբար տատանվում է -1-ից 4°C։
Մետեորոլոգների խոսքով՝ ռեկորդը պայմանավորված է եղել արևադարձային տաք օդային հոսանքներով և ուժեղ բարձր ճնշմամբ, որոնք կանխել են սառը օդի ներթափանցումը։
Մասնագետները նշում են, որ Իսլանդիան արագ տաքանում է գլոբալ տաքացման հետևանքով։ Այս տարի երկրում արձանագրվել են նաև մայիսյան անսովոր շոգեր, սառցադաշտերի փլուզումներ, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել են մոծակներ։ Ըստ ուսումնասիրությունների՝ Արկտիկան տաքանում է մոլորակի մնացած հատվածներից մոտ չորս անգամ արագ։



















































































