Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով հրդեհներ են բռնկվել Կալուգայի մարզում և Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթային օբյեկտներում։ Կալուգայի մարզի Լյուդինովո քաղաքում հարված է հասցվել նավթային պահեստին․ տեղացիների հրապարակած տեսանյութերում երևում են կրակի և ծխի բարձր սյուներ։ Տեղական իշխանությունները վնասների մասին մանրամասներ չեն հայտնել, սակայն նշվում է, որ հրդեհին նախորդել են անօդաչուների ձայներ և պայթյուններ։
Լարված իրավիճակ է եղել նաև Կրասնոդարի երկրամասում, որտեղ հարձակման է ենթարկվել Իլսկիի նավթավերամշակման գործարանը, որը նախկինում ևս բազմիցս թիրախավորվել է։ Թիրախավորվել է նաև Մոսկվան․ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին՝ պնդելով, որ անօդաչուները խոցվել են, սակայն վնասների վերաբերյալ կոնկրետ տվյալներ չեն ներկայացվել։
Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակաբար հարվածում են Ռուսաստանի տարածքում գտնվող նավթավերամշակման գործարաններին և վառելիքի պահեստներին՝ դրանք համարելով օրինական ռազմական թիրախներ, քանի որ դրանք ապահովում են ռուսական բանակի լոգիստիկան և ֆինանսավորում պատերազմը Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հունվարի 1-ի գիշերը հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 168 անօդաչու։























