Armenian text to speach

Մեղրու մաքսատան ղեկավարին կալանավորել են. Ժողովուրդ օրաթերթի հրապարակման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում, ձևակերպում ստանալուց հետո, 11 000 կգ քաշով և շուրջ 335 000 եվրո արժողությամբ բեռը «Մետեքսիմ» տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել՝ 14 BA 205 / 62 AA 194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոցով։

Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ այդ բեռնատարը դատարկվել է, և շուրջ 70 000 000 ՀՀ դրամի ապրանքի կեսը՝ «Dyson»-ներ և պլանշետներ, տեղավորել են «Ֆորդ» մակնիշի տրանսպորտային միջոցի մեջ, իրենց հետ նախապես վերցված կնիքներով կնքել այն, ապա բեռնված մեքենան տեղափոխել «Մետեքսիմ» տերմինալ։

Տերմինալի տեսուչը հասկացել է, որ բեռնատարի բեռների և վարորդի մոտ առկա փաստաթղթերի միջև առկա է անհամապատասխանություն․ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բեռնված է եղել քիչ կիլոգրամներով, քան պետք է լիներ՝ ըստ փաստաթղթերի, և այդ մասին հայտնել է։

Հրապարակումից հետո Մեղրու մաքսատան ղեկավարը կալանավորվել է։

Հիշեցնենք, որ սկզբում պատճառաբանել են, որ ապրանքի մյուս մասը՝ բեռնաթափված մասը, որը պետք է ապօրինի՝ առանց համապատասխան հարկերը վճարելու մտներ ՀՀ, մնացել է այլ պետության տարածքում, սակայն վախենալով, որ իրենց կատարածը կբացահայտվի, Հովհաննես Ամիրխանյանի և Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ նշված բեռնատարը տեղափոխվել է Մեղրու անցակետ, որտեղ, ըստ ստացված տեղեկությունների, դեպքի հետ առնչություն չունեցող անձը խոստովանել է, որ իրանական բեռնատարից ինքն է գողություն կատարել, և շուրջ 400 «dyson»-ները և պլանշետները ինքն է հափշտակել։

Նշված դեպքը փորձ են արել կոծկել ՊԵԿ-ի ղեկավարության կողմից, քանի որ Ամիրխանյանը հանդիսանում է ՊԵԿ նախագահի մորեղբոր որդու՝ Սարգիս Բաբայանի մտերիմ ընկերը, իսկ Ս․ Բաբայանը ՊԵԿ նախագահի անվտանգության պետն է, և չի բացառվում, որ Ս․ Բաբայանի կողմից բոլոր միջոցները կձեռնարկվեն Հ․ Ամիրխանյանին հիշյալ դեպքից «մաքուր դուրս հանելու» ուղղությամբ։ Հարկ է նշել, որ այս ամենը կատարվել է մի անցակետում, որտեղ Սարգիս Բաբայանի եղբայրը աշխատում է որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ. Մեղրու անցակետն է վերջինիս վերահսկողության օբյեկտը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցի վերաբերյալ դիմեց ՊԵԿ. այժմ սպասում ենք նրանց պաշտոնական պատասխանին։

Մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խնդրի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում կա՝ ուղղված գլխավոր դատախազին:

Ի պատասխան՝ Դատախազությունից հորդորեցին դիմել գրավոր:

ՊԵԿ-ը պարզաբանում է հրապարակել, որի մեջ գրված է․

«Նախևառաջ ընդգծում ենք, որ հոդվածում նկարագրված «Ագարակ» անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների չհայտարարագրման (ճանապարհին բեռնաթափման) միջադեպը բացահայտվել է բացառապես ՀՀ ՊԵԿ համակարգի ներսում գործող վերահսկողական և ռիսկերի կառավարման մեխանիզմների շնորհիվ, ինչի հիման վրա անմիջապես ձեռնարկվել են համապատասխան ծառայողական և իրավական գործողություններ։

Այն պնդումը, թե դեպքը փորձ է արվել կոծկել կամ «ապօրինի ներմուծում ապահովել»՝ չի համապատասխանում իրականությանը և հակասում է հենց փաստերի տրամաբանությանը, քանի որ հենց ՊԵԿ-ի կողմից նշված դրվագով մաքսային կանոնների խախտման գծով նախաձեռնվել է վարչական վարույթ, իսկ պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածության հատկանիշների գծով բոլոր նյութերը սահմանված կարգով փոխանցվել են իրավասու քննչական մարմնին, և Կոմիտեն ամեն կերպ աջակցելու է քննությանը՝ անկախ որևէ անձի զբաղեցրած պաշտոնից:

Միաժամանակ, անընդունելի ենք համարում հոդվածում տեղ գտած՝ չապացուցված ենթադրությունները, անձնական և բարեկամական կապերի վրա հիմնված ակնարկները և այլն:

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից և առաջնորդվել լրագրողական էթիկայի ու հավաստի տեղեկատվության հրապարակման սկզբունքներով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է գործել թափանցիկության, օրինականության և հաշվետվողականության սկզբունքներով և խստորեն արձագանքել ցանկացած խախտման՝ անկախ անձերից և հանգամանքներից»:

Քնար Մանուկյան




Լրահոս