Քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ Մեղրու մաքսատան ղեկավարին կալանավորել են։
Ի պատասխան՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում, ձևակերպում ստանալուց հետո, 11 000 կգ քաշով և շուրջ 335 000 եվրո արժողությամբ բեռը «Մետեքսիմ» տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել՝ 14 BA 205 / 62 AA 194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոցով։
Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ այդ բեռնատարը դատարկվել է, և շուրջ 70 000 000 ՀՀ դրամի ապրանքի կեսը՝ «Dyson»-ներ և պլանշետներ, տեղավորել են «Ֆորդ» մակնիշի տրանսպորտային միջոցի մեջ, իրենց հետ նախապես վերցված կնիքներով կնքել այն, ապա բեռնված մեքենան տեղափոխել «Մետեքսիմ» տերմինալ։
Տերմինալի տեսուչը հասկացել է, որ բեռնատարի բեռների և վարորդի մոտ առկա փաստաթղթերի միջև առկա է անհամապատասխանություն․ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բեռնված է եղել քիչ կիլոգրամներով, քան պետք է լիներ՝ ըստ փաստաթղթերի, և այդ մասին հայտնել է։





























