AFP-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան 2025 թվականին մահապատժի է ենթարկել 356 մարդու՝ սահմանելով նոր ռեկորդ։ Մահապատիժների աճը հիմնականում կապվում է իշխանությունների կողմից սկսված «թմրանյութերի դեմ պատերազմին», որի շրջանակում միայն 2025-ին թմրանյութերի գործերով մահապատժի է ենթարկվել 243 մարդ։ Սա երկրորդ տարին անընդմեջ ռեկորդային ցուցանիշ է՝ 2024-ի 338 մահապատժից հետո։
Իրավապաշտպանները նշում են, որ մահապատիժների մեծ մասը վերաբերում է օտարերկրացիներին և հակասում է իշխանությունների հայտարարած բարեփոխումներին։ Քննադատության կենտրոնում է նաև այն հանգամանքը, որ մահապատիժների շարունակական կիրառումը խաթարում է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի «Տեսլական 2030»-ի շրջանակում ավելի բաց ու ժամանակակից երկրի կերպարը։ Իշխանությունները, սակայն, պնդում են, որ մահապատիժը կիրառվում է հասարակական կարգը պահպանելու նպատակով և միայն դատական բոլոր ընթացակարգերից հետո։























