Վենեսուելայի քաղաքացիական անվտանգության հարցերով փոխնախագահ, ներքին գործերի, արդարադատության և խաղաղության հարցերով նախարար Դիոսդադո Կաբելոն երկրի ներքին իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ Վենեսուելայի ներքին իրավիճակն այս պահին հանգիստ է։
«Նրանց հաջողվեց միայն մասամբ հասնել այն ամենին, ինչին ցանկանում էին հասնել ռումբերով։ Ես մասամբ եմ ասում, քանի որ նրանք հույս ունեին, որ մարդիկ խուճապի կտրվեն, քաոսային իրավիճակ կստեղծվի, կերկյուղեն, բայց վախն այլևս անցյալում է»,- ասել է Դիոսադադո Կաբելոն։
Տեսանյութում երևում է, որ Կաբելոն զրահաբաճկոնով է՝ շրջապատված զինվորականներով և քաղաքացիական անձանցով։ Նա նշել է, որ իրենք Կարակասում են՝ ԱՄՆ-ի կողմից մայրաքաղաքին և իրենց ժողովրդին պատճառված վնասները գնահատելուց հետո։
Միևնույն ժամանակ, Կաբելոն չի հստակեցրել պատճառված նյութական և մարդկային վնասները, չի հայտնել տուժածների և վիրավորների թվերը։
Կաբելոն նաև կոչ է արել Վենեսուլայի ժողովրդին վստահել իրենց՝ «բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությանը»։
«Պետք չէ հեշտացնել թշնամու զավթողական գործողությունները»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն խոշոր հարվածներ է հասցրել Վենեսուելային՝ վնասելով մի շարք ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։ ԱՄՆ-ի Զինված ուժերի հատուկ ջոկատայինները գերեվարել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։