Armlur.am-ը պարզեց, որ Սամվել Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանից տնային կալանք է սահմանել և 4 միլիարդ դրամի գրավ կիրառել 2018 թվականին ՔՊ պատգամավորի թեկնածու, ներկայումս Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Ի դեպ, դատավոր Պետրոսյանի վարույթում է քննվում Մարտի 1-ի գործը, որտեղ մեղադրյալի աթոռին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլ նախկին պաշտոնյաներ։
Արդյունքում դատական համակարգում այս որոշումը զարմացրել է շատերին, և խոսակցություններ են ծավալվել։ Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգում դատավոր Պետրոսյանի որոշումը համարձակ քայլ են համարել, իսկ մի մասն էլ չի բացառել, որ հնարավոր է քաղաքական պայմանավորվածություններ կան, ինչի արդյունքում որոշվել է գործարարին տուն ուղարկել։
Իսկ ահա Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը այս որոշումը կիսահամարձակ է համարել և այն բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին «Մեր ձևով» շարժման ղեկավար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից և ուղևորվեց տուն։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ կատարելը, որը իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների կամ զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր.
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։
Քնար Մանուկյան





























