Հունվարի 6-ին՝ ժամը 13:30 բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից: Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում: Երթը կուղղվի դեպի Երևանի՝ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում: Ուխտերթն ունի խորհուրդ լուսավորել Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը, երկրորդը՝ արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդությանը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան տեսանյութում՝ հրավիրելով ժողովրդին ուխտերթի:
«Հաջորդ կարևոր խորհուրդը՝ արտահայտել աջակցություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը, որի մասին մի խումբ եպիսկոպոսների հետ երեկ երեկոյան հանդես եկանք հայտարարությամբ: Հաջորդ խորհուրդն է՝ արտահայտել աջակցություն մեր պետականությանը և արտահայտել մեր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի՝ և նրա մերձավոր շրջապատի կողմից առաքելական սուրբ եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ՝ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպն անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու»,-ասել է նա:
«Այս երթով մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից եկեղեցին՝ որպես օտար ուժերի հիբրիդային պայքարի գործիք օգտագործելու գործելակերպի կապակցությամբ. պետք է արտահայտենք մեր հստակ դիրքորոշումը նման գործելակերպի անընդունելիության վերաբերյալ, մենք այլևս թույլ չենք տալու այդ գործելակերպի շարունակությունը»,- հայտարարել է նա:
Փաշինյանը ընդգծել է՝ երթը լինելու է խաղաղ, լեցուն քրիստոնեական սիրով և եկեղեցու բարենորոգման վճռականությամբ:
Երթը կավարտվի Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, տեղի կունենա նաև կարճ հավաք:
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը ժողովրդին կամք դրսևորելու դեպքում հրավիրեց նաև առավոտյան 10:30-ից սկսվող պատարագին մասնակցելու: Այնուհետև հայտնեց, որ հույս ունի, որ ժողովուրդը գնալու է ու մասնակցելու է այս կարևոր նշանակություն ունեցող ուխտերթին:

























































































