Armenian text to speach

Թրամփի վարչակազմը Գրենլանդիայի վերաբերյալ գործարքի նախագիծ է մշակում․ Economist

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատում է Գրենլանդիայի վերաբերյալ գործարքի նախագծի վրա, որը հնարավոր կլինի առաջարկել կղզու իշխանություններին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Economist ամսագիրը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ամերիկացի պաշտոնյաները քննարկում են Գրենլանդիային «Ազատ ասոցացման մասին պայմանագիր» կնքելու առաջարկի հնարավորությունը, ինչը կհանգեցնի կղզու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Ներկայումս Միացյալ Նահանգները նմանատիպ համաձայնագրեր ունի Խաղաղ օվկիանոսի փոքր պետությունների՝ Միկրոնեզիայի, Մարշալյան կղզիների և Պալաուի հետ։ Համաձայն այդ պայմանավորվածությունների՝ ԱՄՆ-ն երաշխավորում է այդ երկրների ֆինանսական աջակցությունը, իսկ վերջիններս իրենց հերթին Վաշինգտոնին են փոխանցում պաշտպանական հարցերի լուծումը՝ պահպանելով ներքին ինքնակառավարումը։

The Economist-ը նշել է, որ Գրենլանդիայի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունն այս պահին երկու նպատակ է հետապնդում։ Նախ՝ Վաշինգտոնում ցանկանում են խորացնել Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունների միջև տարաձայնությունները և կղզում անջատողական տրամադրությունների աճ առաջացնել։ Երկրորդ՝ ԱՄՆ-ը փորձում է գործարք կնքել Գրենլանդիայի իշխանությունների հետ՝ շրջանցելով Դանիայի կառավարությունը։ Միևնույն ժամանակ, ամսագիրը քիչ հավանական է համարել կղզու «ուղղակի բռնակցման» հեռանկարը։ Պարբերականը հավելել է, որ ԱՄՆ-ի հավակնությունները խուճապ են առաջացրել եվրոպական երկրների առաջնորդների շրջանում։

Ինչպես հիշեցնում է ամսագիրը, Գրենլանդիայում արդեն իսկ տեղակայված է ամերիկյան ռազմաբազա։ Պարբերականն ընդգծել է, որ Դանիայի հետ պայմանագրի դրույթները չեն նախատեսում սահմանափակումներ կղզում ԱՄՆ զինծառայողների քանակական կազմի վերաբերյալ, սակայն զորքերի թվի զգալի ավելացումը, հավանաբար, կպահանջի Կոպենհագենի համաձայնությունը։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները փորձել են ուղղակի բանակցություններ վարել Գրենլանդիայի իշխանությունների հետ, սակայն մերժում են ստացել։




Լրահոս