«Կառավարությունը Սևանա լճին միանգամից 2 մահացու հարված է հասցնում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ընդունած Սևանա լճի համար կործանարար երկու ծրագրերն արժանացել են «S.O.S. Սևան» նախաձեռնության ուշադրությանը: Այս առիթով նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Կառավարությունը Սևանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում.

Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճը կսկսի իջնել ու ճահճանալ:

Հաստատվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ: Կառավարության այն պնդումները, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, խաբեություն են:

Նախաձեռնության պնդմամբ` Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարման դեպքում Սեւանա լճից օրենքով սահմանված ջրբացթողումների քանակը` 170 միլիոն խմ, լրիվ բավարար է:

«Գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, որովհետեւ ՋՕԸ-ները ստիպում են ոռոգման ջուրը ստանալ պոմպերով եւ վճարել դրա համար: Գյուղացիները, ովքեր օգտվում են արտեզյան ջրերից, Սեւանի ջրերի օգտագործման կարիքը չունեն»,- հայտարարում են հայտարարության հեղինակները` ներկայացնելով Սևանա լճից ջրառը մինչև 2019թ-ը տարեկան 70 մլն խմ ավելացնելու մասին ՀՀ կառավարության երեկ ընդունած որոշմանը:

Ինչ վերաբերում է լճում ձկնաբուծական տնտեսություններ հիմնելու ծրագրին, ապա նախաձեռնության անդամների համոզմամբ, դրա իրականացման դեպքում «Սեւանա լիճը ամեն տարի կստանա ազոտով, ֆոսֆորով եւ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով լի 50 000 տոննա  արհեստական կեր,  ցանցավանդակներում սատկած եւ հիվանդ ձկներ, ձկների բուժման համար անհրաժեշտ դեղորայք»:

Այս ծրագրերի իրականացման դեմ պայքարելու համար «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ապրիլի 25-ին կազմակերպում է նախազգուշացնող բողոքի  քայլերթ` Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի օղակաձեւ հրապարակից դեպի Սեւան-Հրազդան ջրանցքը` Սեւան-Երեւան մայրուղով:

Իսկ ապրիլի 28-ին բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց:




Լրահոս