Armenian text to speach

Մարտունու ԲԿ-ի ազատված, ապա նորից նշանակված տնօրենը մասնակցել է Փաշինյանի ուխտերթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների եւ աջակիցների հետ ուխտերթ էր կազմակերպել երեկ՝ հունվարի 6-ին, որին մասնակցում էր իշխանական ողջ էլիտան։ Եվ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ակտիվ կիրառվել է նաև վարչական ռեսուրս։

Երթը մեկնարկել էր  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ մինչ այդ քաղաքական էլիտան Սուրբծննդյան պատարագի էր մասնակցում աջակիցների հետ։

Իշխանությունները փորձել են իմիտացիա ստեղծել, թե Փաշինյանի հակաեկեղեցական արշավին մեծ թվով մարդիկ են աջակցում։ Սակայն ինչպես փոխանցում են ArmLur.am-ի աղբյուրները երթին եկած մասնակիցներից շատերը «ներկա ստացել» և հեռացել են առանց աչքի ընկնելու։

Օրերս համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ բուժաշխատողներին հորդորում էին մասնակցել ուխտերթին։ ArmLur.am-ը Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոնների տնօրեններից փորձել է տեղեկանալ արդյոք այս հորդորին ենթարկվել են թե ոչ։

Վարդենիս բժշկական կենտրոնի ղեկավար Շահեն Շահինյանին հարցրինք, թե արդյոք ենթարկվել է հորդորին և մասնակցել է, թե՝ ոչ։ Շահինյանն ասաց, որ «նման բան չկա, բացարձակ»։

Գավառի բժշկական կենտրոնի ղեկավար Գարիկ Սողոմոնյանը, սակայն, ուխտերթի մասին ոչինչ չգիտեր։
«Չէ, մեզ բան չեն ասել»։ Հարցին թե, արդյոք կողմ են իշխանության որդեգրած սկզբունքին, որ Վեհափառը պետք է «հանգստի գնա»,Սողոմոնյանն ասաց․

«Մենք բոլորին որպես հիվանդ ենք նայում, մենք ապաքաղաքական կառույց ենք։»

Սևանի բժշկական կենտրոնի ղեկավար Արամ Նիկողոսյանն էլ վստահեցրեց, որ չի մասնակցել և նշեց՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես բժիշկ եմ»։

Իսկ ահա Մարտունի բժշկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը հարցին թե մասնակցել է արդյոք ուխտերթին հպարտորեն ասաց ՝«Ես մասնակցել եմ, իսկ աշխատակազմը՝ ոչ»։
Փորձեցինք տեղեկանալ արդյոք աշխատավայրում հրատապ հարցեր չեն եղել, որ ԲԿ-ի տնօրենը որոշել է ուխտերթի մասնակցել, վերջինս արդարացավ, որ գլխավոր բժիշկները տեղում են եղել, իսկ հունվարի 6-ը ոչ աշխատանքային օր է եղել։
«Քաղաքում եմ եղել, մասնակցել եմ, իմ քաղաքացիական պարտքն է եղել, ես իրավունք չունեմ իմ ազատ ժամանակին ուզաժս տեղը գնալու»,- նշեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը 2024 թվականին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հրամանով ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն, եւ հենց նույն օրն էլ մարզպետը նրան կրկին նշանակել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ 3 ամիս ժամկետով: Իսկ ազատման պատճառը եղել է մի շարք թերացումները, ինչպես բազմիցս գրել էր մամուլը։

ArmLur.am-ը զրուցել է նաև Գեղարքունիքի մազպետ Կարեն Սարգսյանի հետ, ով երեկվա ուխտերթի գլխավոր դերերում էր։ Ինչպես տեսախցիկներն արձանագրել էին Կարեն Սարգսյանին ողջունելու համար բազմաթիվ մարդիկ են մոտենում, կարծես թե «ներկա ստանալու» համար։ Հարցին արդյոք վարչական ռեսուրս չի կիրառվել վերջինիս կողմից, մարզպետն ասաց․

«Ինչպես եք կարծում, ինձ ճանաչողները չպետք է բարևեին։ Եթե որևէ մեկ մարզպետարանի աշխատող ցույց կտաք, որը էսքաղաքական թիմի անդամ չի կամ մի դպրոցի աշխատող ցույց կտաք Գեղարքունիքից, նոր կխոսենք այդ մասին»։

Էմմա Միքայելյան




Լրահոս