Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային ՝ 1 տոննա կոկաինի քրեական գործը դատարանում է: Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Գնել Գասպարյանին:
Քրեական գործով մեղադրյալի աթոռին են 5 անձ։ Սամվել Սեմյոնի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև խմբի կազմում, նախնական համաձայնությամբ թաքցնելով մաքսային հսկողությունից ՀՀ պետական սահմանով ապօրինի է տեղափոխել վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոցը:
Մելիտա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ թաքցնելով մաքսային հսկողությունից ՀՀ պետական սահմանով ապօրինի ՀՀ է տեղափոխել վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոցը։
Մեղադրյալներ են Լևոն Աթաջանյանը , ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը , Գագիկ Բադալյանը: Հիշեցնենք, որ գործի շրջանակում ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանը (ՌԴ քաղաքացի) եւ պահեստապետ Ս.Գ.-ն ներգրավված են եղել նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ մեկ տոննա կոկաին ներմուծելու ու իրացնելու գործընթացում: Ավելին՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսների նկատմամբ կիրառվել էր կալանք. նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։
Հավելենք, որ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսի 27-ին, ինչը քաղաքական առումով գործին հավելում է լրացուցիչ ստվեր։
Սկզբում հաղորդվեց՝ մոտ մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել, ապա ԱԱԾ տնօրենը ԱԺ-ում հստակեցրեց՝ իրական քաշը 788 կգ է, 42 արկղ, յուրաքանչյուրը՝ 20-25 կգ, որը հաստատվել էր փորձաքննությամբ։ Բայց գործի ճշգրտումը չփրկեց իրավապահ համակարգին իրավական քաոսից։
Մոտ 2 տարի Քննչական կոմիտեն չուներ հստակ ճանապարհ՝ գործը տանի դատարան, թե դադարեցնի հետապնդումը, արդյունքում գործը մտավ դատարան։ Ինչ է սպասվում՝ կհետևենք գործի ընթացքին։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























