Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել Դանիայի իշխանությունների հետ՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է փոխանցել AFP-ն։
«Ես հաջորդ շաբաթ կհանդիպեմ նրանց հետ, և մենք կունենանք այդ քննարկումները»,- լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները դիմել են ԱՄՆ պետքարտուղարություն՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «անմիջապես» հանդիպում կազմակերպելու խնդրանքով:
Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։
Այս հայտարարությունից առաջ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Դանիան համատեղ հայտարարություն էին տարածել ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի կազմում գտնվող կիսաինքնավար շրջանի՝ Գրենլանդիայի շուրջ՝ շեշտելով, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է հավաքական կերպով ապահովվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, ինչից հետո Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի վերջ։
Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել այս կղզին, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն կարելի է գրավել՝ սպառնալով առևտրային բարձր մաքսատուրք սահմանել Դանիայի նկատմամբ, եթե վերջինս փորձի խոչընդոտել դրան։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը շարունակում է մերժել ԱՄՆ առաջարկները՝ պնդելով, որ կղզին իր երկրի անբաժան մասն է։
Գրենլանդիան ինքնավար տարածքի կարգավիճակ ունի Դանիայի կազմում։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը ի լրումն ՆԱՏՕ-ի շրջանակում իրենց դաշինքային պարտավորությունների ստորագրել էին Գրենլանդիայի պաշտպանության վերաբերյալ պայմանագիր, որի համաձայն Միացյալ Նահանգները պարտավորվել էին պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։





























