Հայէկոնոմբանկը «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» շրջանակում համագործակցում է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ՝ գյուղատնտեսության, գյուղարտադրանքի, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների ՓՄՁ-ներին առաջարկելով ներգրավել այլընտրանքային ներդրումային միջոցներ: Ծրագրի նպատակն է աճի, ընդլայնման և մասշտաբավորման փուլերում համապատասխան բիզնես գիտելիքների փոխանցման, կարողությունների զարգացման, ինչպես նաև ֆինանսական կառավարման և ճիշտ պլանավորման միջոցով բիզնեսների համար ապահովել ներդրումային միջոցների հասանելիություն:
Որպես ծրագրի գործընկեր՝ Հայէկոնոմբանկը կառավարում է ԻՐԻՍ ԲԻ-ի շրջանառու ֆոնդը՝ տրամադրելով 9% տարեկան տոկոսադրույքով մինչև 10 մլն դրամ արտոնյալ վարկային միջոցներ: Բացի այդ, Բանկը ներգրավված է ծրագրի բոլոր փուլերում՝ տրամադրելով խորհրդատվություն, աջակցելով մենթորությամբ և նպաստելով ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանը:
Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին Իջևանում մարզային տեղեկատվական հանդիպում էր կազմակերպվել Տավուշի մարզում գործող ձեռներեցների հետ, որի շրջանակում «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» ներգրավման փորձագետ Նատալի Նասիբյանը և Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը ներկայացրին ծրագրի մանրամասները, այդ թվում՝ նախաձեռնության հիմնական առաքելությունը, ծրագրին դիմելու պայմանները, հիմնական փուլերը:
Նատալի Նասիբյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի հիմնական մարտահրավերներին՝ նշելով, որ առցանց և անցանց 9 մոդուլներից բաղկացած ծրագրի գլխավոր նպատակն է հնարավորություն տալ որոշակի կայունություն ունեցող ձեռնարկատերերին ընդլայնել իրենց գործունեությունը:
Աննա Եղոյանը, ներկայացնելով վարկավորման հիմնական պայմանները, նշեց, որ վարկերը տրամադրվում են գործող բիզնեսի ֆինանսական վերլուծության հիման վրա՝ ընդգծելով, որ Հայէկոնոմբանկը պատրաստ է համապատասխան խորհրդատվություն տրամադրել ձեռներեցներին հնարավոր խոչընդոտները հաղթահարելու և անհրաժեշտ միջոցները ներգրավելու համար: Նա հավելեց, որ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ համագործակցության նախորդ 4 տարիների ընթացքում վարկավորման ավելի քան 50 հաջողված քեյսեր են եղել՝ զրոյական ժամկետանց պորտֆելով:
Հաջողված պատմություններից մեկն էլ Իջևանում գործող Քաղաքական սրճարանն է (Political Café) է, որը հիմնել են նախորդ փուլերի շահառուներից ամուսիններ Անահիտն ու Նարեկը: «Մենք ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաջին շահառուներից ենք: Երկու ծրագրի ենք դիմել, որոնց օգնությամբ էլ հիմնել ենք մեր Քաղաքական սրճարանը: Նախ 2020թ. հիմնել ենք սրճարան Թալին քաղաքում, իսկ մեկ տարի անց արդեն Իջևանում: Ներգրավված միջոցներն ուղղվել են անհրաժեշտ սարքավորումների և կահույքի ձեռքբերմանը: Պատրաստվում ենք դիմել նաև «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրին», քանի որ առաջիկայում նախատեսում ենք սրճարանում կոնցեպտուալ փոփոխություններ անել», – նշում է Անահիտը՝ հավելելով, որ շահավետ պայմաններով ներգրավված վարկային միջոցները մեծապես խթանում են բիզնեսի արդյունավետ ընդլայնումը:
Ծրագրին մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են 2025 թ. նոյեմբերի 11-ից մինչև 2026 թ. հունվարի 12-ը։
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:





























