Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խոր ընդհատակ» անցած նիստ․ Փաշինյանի հայտարարությունից հետո ինչո՞ւ են լռում հոգևորականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը իր ֆբ-յան էջով հայտնեց, որ տեղի է ունեցել Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը։

Ինչպես Փաշինյանն է նշել՝ նիստի ժամանակ քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։

ArmLur.am-ն այսօր փորձել է Փաշինյանի Վեհարանի Վեհափառից ազատելու պայքարին և Վեհափառին հանգստի կոչելու գործընթացին միացած հոգևորականներից մանրամասներ իմանալ քննարկումից։ Ի՞նչ հիմնական քայլեր է նախատեսված մոտակա ժամանակներս «ճանապարհային քարտեզի» շրջանակներում, արդյոք չկա մտավախություն, որ գործընթացը կմնա լոկ միայն հայտարարությունների մակարդակում և արդյոք իրենց միանալու ցանկություն են հայտնել նոր հոգևորականներ, թե ոչ: Այս հարցերի պատասխանները ցանկացանք իմանալ կարգալույծ եղած քահանաներ Ստեփան Ասատրյանից (Տեր Արամ քահանա Ասատրյան), Արամայիս Թախմազյանից (Տեր Թադե քահանա Թախմազյան), Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից, ինչպես նաև Պատարագներին Վեհափառի անունը զեղչած քահանաներ Տեր Արարատից, Տեր Հովհաննեսից, Տեր Երվանդից։

Երևում է՝ Խորհրդի առաջին նիստը խոր ընդհատակ է անցել։
Կարգալույծ քահանա Արամայիս Թախմազյանը ողջունեց մեզ, բայց հարցը լսելուն պես` անջատեց հեռախոսը։
Տեր Արարատը նույնպես ողջունեց, շնորհավորեց մեզ Սուրբծննդյան տոների առթիվ, իր օրհնանքները փոխանցեց, բայց հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։
Տեր Երվանդ քահանան հայտնեց, որ ինքը չի մասնակցել և տեղեկություն չունի, թե ինչպես է անցել, ինչ քննարկում է եղել։

Տեր Հովհաննեսը քիչ ավելի ուշ մեզ հետ կապ հաստատելով՝ տեղեկացրեց, որ ինքը ևս չի մասնակցել։ «Ես հարցազրույց տալու մոտիվացիա չունեմ և այդ թեմաներին անդրադառնալու շատ մեծ ցանկություն էլ չունեմ։ Ես ոչինչ ձեզ հայտնել չեմ կարող, չեմ մասնակցել, քանի որ եպիսկոպոս չեմ։ Հիմա պրոցեսներ են ընթանում։ Պրոցեսները համացանցում են և բոլորին էլ հայտնի է, թե ինչ փուլում են»,- ասաց Տեր Հովհաննեսը և, ապա հայտնեց, որ ինքը առավել պարզ իր դիրքորոշումը հայտնել է վերջերս ունեցած իր հարցազրույցում:

Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի եթերում։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս