Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռով, հավանաբար՝ «Օրեշնիկով», հարված են հասցրել Լվովի մարզի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտին։
Հարվածի մասին տեղեկացրել է քաղաքապետ Անդրեյ Սադովոյը։ Նրա խոսքով՝ Լվովում օդային տագնապի հայտարարումից հետո լսվել են մի քանի պայթյուններ։ Ավելի ուշ նա գրել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտին հարվածի մասին։ Տուժածների մասին չի տեղեկացվել։
Ուկրաինայի ԶՈւ օդուժի «Արեւմուտք» հրամանատարությունում հայտնել են, որ հունվարի 8-ին, ժամը 23։47-ին ռուսական զորքերը հարվածել են Լվովի ենթակառուցվածքի օբյեկտներին՝ բալիստիկ հրթիռ օգտագործելով։ «Հրթիռը շարժվել է մոտ 13 հազար կիլոմետր ժամ արագությամբ բալիստիկ հետագծով»,- նշվել է հաղորդագրությունում։ Հրթիռի տեսակը կպարզվի նրա բոլոր մասերի հետազոտությունից հետո։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հունվարի 9-ին հայտնել են, որ ռուսական զորքերը, «ի պատասխան Պուտինի նստավայրի դեմ Կիեւի ռեժիմի գրոհի», «զանգվածային հարված (այդ թվում «Օրեշնիկով») են հասցրել Ուկրաինայի կրիտիկական օբյեկտներին»։ Ռազմական գերատեսչությունում հավաստիացրել են, որ «հարվածի թիրախները խոցվել են», այդ թվում՝ անօդաչուների «արտադրության օբյեկտներ», որոնք օգտագործվել են գրոհի համար, եւ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը։























