ArmLur.am-ը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ E-draft.am-ից տեղեկանում է, որ հանրային քննարկման է դրվել «Հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2026-2028 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին նախագիծ։
Ըստ նախագծի բնութագրի՝ նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հանցավորության կանխարգելման ոլորտում առավել համակարգված, ապացուցահեն և իրավունքահեն աշխատանքների իրականացմանը, պատասխանատու պետական մարմինների կարողությունների զարգացմանը և որպես արդյունք՝ այս ոլորտում ավելի արդյունավետ գործունեության իրականացմանը։
Նախագծի համար ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետությունում տասը տարվա կտրվածքով՝ 2014-ից 2024 թվականների հանցավորության շարժընթացի վերաբերյալ առկա տվյալների համեմատական ուսումնասիրություն, որը ցույց է տալիս հետևյալ պատկերը.
Նախագծի համաձայն՝ 2014-2024 թվականների ընթացքում՝ ընդհանուր առմամբ նախորդ տասը տարիների ընթացքում հանցավորության մակարդակը համեմատաբար աճել է՝ 17,546-ից հասնելով 40,232-ի։ Նշված տվյալների ուսումնասիրությունը թույլ է տալիս կատարել հետևյալ նախնական դիտարկումները.
1) 2014-2016 թվականներին տեղի է ունեցել հանցավորության առավելապես փոքր աստիճանի աճ՝ 17,546-ից մինչև 18,764` ցույց տալով հանցավորության միջին մակարդակի աճի միտում.
2) 2017-2019 թվականներին հանցավորության աճել է առավել արագ տեմպով՝ մասնավորապես 20,285-ից 26,850, ինչն ավելի քան 20% աճ է գրանցել ընդամենը երեք տարվա ընթացքում.
3) 2020-2021 թվականներին հանցավորության աստիճանը սկզբում նվազ անկում է գրանցել՝ 26,850-ից հասնելով 26,468-ին, սակայն 2021 թվականին էապես աճել է՝ հասնելով 30,245-ի.
4) 2022-2023 թվականների հանցավորության աստիճանը շեշտակիորեն աճել է՝ հասցնելով 37,612-ի և հատելով 40,666-ի սահմանը, ինչը արդեն ցուցադրում է հանցագործությունների թվի ավելի քան 35% աճ 2021 թվականի համեմատ.
5) 2024 թվականին հանցավորության աստիճանը աննշան անկում է գրանցել՝ 40,666-ից մինչև 40,232, ցույց տալով հանցավորության հարաբերականորեն բարձր մակարդակի կայունացումը:
Ստացվում է, որ Հայաստանում 10 տարում հացագործությունների թիվն աճել է 22 հազար 686-ով։
ArmLur.am-ը նկատել է, որ հանցագործությունների թվի կտրուկ աճը արձանագրվում է 2017-2019 թվականներից հետո, ինչն էլ, ըստ երևույթին, պատճառ է հանդիսացել պայքար մղել հանցավորության դեմ։
«Համակարգող խորհուրդը յուրաքանչյուր տարվա վերջում՝ տարեկան հաշվետվության հաստատման հետ մեկտեղ կարող է առաջարկներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ վերանայելու Ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը՝ կատարելով մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վրա հիմնված համապատասխան փոփոխություններ»,-ասվում է նախագծում։
Էմմա Միքայելյան


























