«Նա քարոզիչ է ամեն տողի, ամեն նախադասության մեջ»:
Այսպես է արտահայտվել Լեոն հայ արձակի խոշորագույն դեմքերից մեկի` Րաֆֆու մասին, գրող, ում ստեղծագործությամբ հայկական ռոմանտիզմը հասել է իր բարձրակետին:
Այսօր` ապրիլի 25-ին, հայ գրականությունը համաշխարհային գրականության չափանիշներին մերձեցնողի` Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան), մահվան 116-րդ տարելիցն է:
Րաֆֆու գերեզմանը Թիֆլիսում
Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում: Հայրը` Մելիք Միրզան, 13 զավակների հայր էր:
1860-ականներին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հայտնվել էր սնանկության եզրին: 70-ականների սկզբին Րաֆֆին հաճախ էր լինում Թիֆլիսում, որտեղ կապ էր հաստատում մտավորականության հետ` ձգտելով մտնել գրական-հասարակակն գործունեության ասպարեզ:
Այս ժամանակ արդեն Րաֆֆին գալիս է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի և ժողովուրդների համար:
Հատված` «Խաչագողի հիշատակարան»-ից
Հետագայում հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջությամբ բացահայտեց Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները:
Ընդհանրացնելով անցյալի փորձը` նա ազատագրական շարժումներից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը:
Րաֆֆին մահացել է 1888 թվականի ապրիլի 25-ին Թիֆլիսում:
Տաթև Հարությունյան