Armenian text to speach

ԱԺ-ն օրենքի նախագծերի օրակարգն է ձևավորել. ի՞նչ է սպասվում 19-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 19-ին կմեկնարկեն այս տարվա առաջին ԱԺ լիագումար նիստերը։

Մենք տեղեկացանք, որ ուրբաթ օրը ԱԺ-ն խորհրդի նիստ է հրավիրել՝ օրակարգը հաստատելու համար։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիմումը՝ ուղղված Ալեն Սիմոնյանին։

Բանն այն է, որ 12 կետից բաղկացած օրակարգի հենց 12-րդ կետը վերաբերում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցմանը։

Օհանյանը դիմումի մեջ նշել է, որ պատճառը այն է, որ Հակոբյանը խախտել է հանրային ծառայողների քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները։
Հարկ է նշել, որ 2022 թվականին Հակոբ Հակոբյանի թեկնածությունն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր հենց Սեյրան Օհանյանից պարզել, թե ինչ է արել Հակոբ Հակոբյանը, որ հարցը հասել է Ազգային ժողով։

«Հակոբ Հակոբյանի վերաբերյալ մեկ անգամ հաղորդում էր տվել Լիլիթ Գալստյանը՝ «պաշտոնի անհամապատասխանության» վերաբերյալ, և մեկ անգամ էլ մենք ենք դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որպեսզի քննության առնեն՝ գործունեության մեջ քաղաքական չեզոքություն չպահպանելու համար, քանի որ հանձնաժողովի անդամները պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն, իսկ Հակոբյանը տարբեր հայտարարություններ էր արել ընդդիմության, ԶԼՄ-ների և «Դաշնակցության» վերաբերյալ։

Հիմա մենք կրկին դիմել ենք ԿԿՀ-ին։ Լիլիթ Գալստյանի դիմման ժամանակ նրանք գրել էին, որ կոռուպցիոն խնդիրներ չկան, իսկ պաշտոնի անհամապատասխանության հարցը կքննարկեն։ Իսկ խմբակցությանը Հանձնաժողովը պատասխանել էր, որ իր գործողությունների մեջ իսկապես քաղաքական չեզոքության խախտման խնդիրներ կան։
Մենք դիմել ենք ԱԺ, որպեսզի հարցը քննարկվի լիագումար նիստում»,- ասել է Օհանյանը։

Սեյրան Օհանյանը նշել է նաև, որ պատրաստվում են հենց նիստի ընթացքում ներկայացնել բոլոր դեպքերը, երբ Հակոբյանը խախտել է քաղաքական չեզոքությունը։

Հավելենք, որ 1979–1991 թվականներին Հակոբ Հակոբյանն աշխատել է «Գարուն» ամսագրում, իսկ 1991–1996 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարար։

Սոնա Գրիգորյան




Լրահոս