ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ «ՄԻՏԻՆԳ» ԱՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայ ֆուտբոլասերները, ինչպես վաղօրոք հայտարարել էին, բողոքի երթ անցկացրին` ի պաշտպանություն «Հրազդան» մարզադաշտի: Նրանք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից պետք է գնային ՀՖՖ, այնտեղից` Երեւանի քաղաքապետարանի  եւ կառավարության շենքեր: Սակայն երթի ընթացքում ցուցարարներին է մոտեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ կոչ արել  դադարեցնել երթը, իսկ նամակը փոխանցել ՀՀ կառավարությանն ու քաղաքապետարանին:
Իր կոչը Հայրապետյանը բացատրել է նրանով, թե իր եւ Աշոտ Աղաբաբյանի միջեւ ոչ մի հակասություն չկա: Ասել է, որ այդ հարցում մինչեւ հիմա պասիվ էր, որովհետեւ   տարածել էին, թե ինքն ուզում է խլել «Հրազդան»-ը:  «Պաշտոնապես հայտարարում եմ` Հանրապետական մարզադաշտը տալիս եմ իրան նվեր, «Հրազդան»-ն էլ թող մնա իրան, միայն մի պայմանով` ոչ մի կառույց չկառուցվի այնտեղ, եւ մարզադաշտը կարողանանք օգտագործել որպես սպորտային կառույց… «Հրազդան»-ը ոչ մեկինը չի, դա ժողովրդինն ա»,-ասել է Հայրապետյանը, ում կարծիքով` պետք չէ կազմակերպել «ակցիաներ»:
Ըստ որոշ մեկնաբանությունների` Հայրապետյանի այս անակնկալ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլասերները սպասվածից բավականին սակավաթիվ են եղել: Մյուս կողմից էլ այս պարագայում հարց է առաջանում` Հանրապետական մարզադաշտը Հայրապետյանի հոր սեփականությո՞ւնն է, որ նվեր է տալիս Աշոտ Աղաբաբյանին. ՀՖՖ-ն, որքան գիտենք, հասարակական ոչ առեւտրային կազմակերպություն է:
Ամեն դեպքում, Հայրապետյանը երեկ ասել է նաեւ, որ մտադիր է հասնել նրան, որ Հայաստան-Իտալիա խաղն անցկացվի «Հրազդան»-ում, եթե իհարկե, «էդ կոնտեյներներն» այնտեղ չլինեն, որովհետեւ ՈՒԵՖԱ-ն, ըստ Հայրապետյանի, ուղղակի թույլ չի տա այդ դեպքում խաղ անցկացնել: Աշոտ Աղաբաբյանի լրատվական ծառայությունից ասացին, որ այդ կոնտեյներները խաղերի օրերին փակվում են: Նաեւ` որ ամեն մի միջազգային խաղից առաջ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից տեսչական ստուգումներ են լինում: Այս համատեքստում հիշեցվեց, որ 2008-ին Հայաստան-Ֆրանսիա ֆուտբոլային խաղը վատ մակարդակով չանցավ: Ակնարկն այն է, թե Հայրապետյանն ինքը շահագրգռված  չէ «Հրազդան»-ում» խաղեր անցկացնելու հարցում եւ դրա համար ամեն անգամ տարբեր «մահանաներ»  է գտնում:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս