Armenian text to speach

«Ալբասետեի» երկրպագուները փորձել են բանաններով հարվածել Վինիսիուսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ «Ալբասետեի» հետ արտագնա հանդիպման ժամանակ։ «Ռեալի» համար ծանր դասավորված խաղը, որում նրանք սենսացիոն պարտություն կրեցին 2-3 հաշվով, ուղեկցվել է տհաճ միջադեպերով։

Ինչպես հաղորդում է AS-ը, բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ ճնշումները սկսվել են դեռևս նախախաղային վարժանքի ընթացքում: «Ալբասետեի» երկրպագուների մի խումբ տրիբունաներից վանկարկել է. «Վինիսիուս, դու կապիկ ես»։

Սակայն վիրավորանքները միայն բանավոր բնույթ չեն կրել։ AS-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են երկրպագուները բանաններ նետել խաղադաշտ՝ նպատակ ունենալով հարվածել Վինիսիուսին։ Միրգն ընկել է ֆուտբոլիստից մի քանի մետր հեռավորության վրա։

Տեղի ունեցածին առաջինն արձագանքել է «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որը հայտավորված չէր այդ խաղին։ Բելգիացին սոցիալական ցանցերում դատապարտել է երևույթը՝ գրելով. «Վերջ տվեք ռասիզմին։ Սա խայտառակություն է»։

Նշենք, որ «Ռեալին» պայքարից դուրս թողած «Ալբասետեն» ներկայումս զբաղեցնում է Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի (Սեգունդա) մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։

 




Լրահոս