Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։
Հայցով նա դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Ի դեպ, հայցը եկեղեցու դեմ ներկայացրել է Գևորգ Սրբազանը՝ իր քաղաքացիական անունով՝ Արման Վոլոդյայի Սարոյանը։
Իսկ ով է ԲԴԽ անդամ, դատավոր Էդգար Հովհաննիսյանը։ Նրա հայրը՝ Էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում և եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը։ Սակայն նրան ԲԴԽ տանելու հարցում մեծ ջանքեր է գործադրել ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը, քանի որ Էդգար Հովհաննիսյանը նրա ընկերն է։ Իսկ Աթաբեկյանն էլ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի մորաքրոջ տղան է։
Քնար Մանուկյան






















