Արտագաղթի թողած հսկայական և ոչ ցանկալի հետևանքներն իրենց արդեն զգացնել են տալիս: Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը` անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 2.000 առևտրի կետերի փակմանը: Թադևոսյանի հավաստմամբ` ՓՄՁ-ների ոլորտում գործող տնտեսվարողների թիվը գնալով նվազում է՝ առաջին հերթին արտագաղթի պատճառով:
«Արտագաղթողները ոչ միայն աշխատավոր են, այլև՝ սպառող: Նրանք ստեղծում են սպառողական շուկա: Եթե առևտրի կենտրոնները փակվում են, նշանակում է` հաճախորդների թիվն է պակասել:
Այն ապրանքները, որոնք վաճառում է առևտրի կենտրոնը, դրանց նկատմամբ պահանջարկը փոքրացել է: Իսկ փոքրանում է այն դեպքում, երբ պահանջարկը ձևավորողը չկա, երբ նրա ձևավորողի մոտ միջոցներ չկան՝ օգտվելու այս կամ այն ծառայություններից, որը գործում է շուկայի այս կամ այն հատվածում: Հետևաբար, հիմնական պատճառը պետք է փնտրել արտագաղթի մեջ»,-մեկնաբանեց Թադևոսյանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ փակվող առևտրի կետերը մասսայական են դարձել, և մի քանի տասնյակ հազարն էլ փակման վտանգի առջև են կանգնած:
Թադևոսյանը կարծիք հայտնեց, որ քանի դեռ Հայաստանում չեն կարևորում մարդու գործոնը, դերը և նշանակությունը, զարգացման իմաստը անհասկանալի կմնա:
Armlur.am-ի հարցին, թե արդյոք վերջերս Կառավարության խոստումը` կապված փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը խոչընդոտելու հետ, կնպաստի ներգաղթին, Թադևոսյանը պատասխանեց, որ եթե Կառավարությունն իրականացնի իր խոստումը, ապա ներգաղթ, միանշանակ, կզգացվի:
«Մարդիկ, բնականաբար, կնախընտրեն իրենց երկրում արարել և ապրել: Մարդկանց ներհոսքն այդ կերպ կարագանա»,- ասաց Թադևոսյանը:
Իսկ մեր այն դիտարկմանը, որ ի տարբերություն փոքր առևտրի կետերի` սուպերմարկետները գնալով շատանում են, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ խոշոր բիզնեսը երբեք չպետք է զարգանա մանրի և փոքրի հաշվին:
«Զարգացած և քաղաքակիրթ երկրներում կան որոշակի քվոտաներ. վարչական շրջաններում որքան կարող են լինել խոշոր առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ կամ ոչ պարենային խոշոր առևտրային կենտրոններ, որպեսզի դրանք չվնասեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»,-բացատրեց տնտեսագետը:
Նրա խոսքերով` միայն վերոնշյալով չի պայմանավորված իրավիճակը: Տնտեսագետը դա կապում է նաև հարկային բեռի հետ, որն, իր կարծիքով, այնքան էլ բարձր չէ: Դա, ըստ Մանասերյանի, լրացուցիչ քաշքշուկ է ստեղծում` թույլ չտալով փոքր բիզնեսին զարգանալ:
Տաթև Հարությունյան