Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լոպազացել է, մտել բունը». նոր վարույթ՝ Արմավիրի մարզպետի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ով առանձնապես չի փայլում իր խոսքով և հաճախ է խուսափում լրագրողներից, սովոր է, որ իր սրտի ցանկությունը պետք է արտահայտի ստատուսների միջոցով, սակայն դրանք բարձրաձայնել Խաչատրյանը վարանում է։
Հենց սոցցանցի իր էջում Խաչատրյանի մի հայտարարությունը դարձավ ճակատագրական, որի հիման վրա Վահրամ Խաչատրյանի նկատմամբ հարուցվեց վարույթ։
Բանն այն է, որ Վահրամ Խաչատրյանը սոցցանցի իր էջում անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարություններին և գրել.

«Սերժը մի պատգամավոր ունի՝ Տիգրան Աբրահամյան անունով։

Սա եթերում լոպազացել է Արգիշտի Մեխակյանի մասով ու մտել է բունը։ Բնից դուրս արի, Տիգրա՛ն, հել դիմացներս, ինչքան շուտ հելնես, էդքան քո բաժին չափալախը շուտ կստանաս»։

Արդյունքում աջ ու ձախ չափալախ բաժանող Խաչատրյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել։

«Հանձնաժողովը քննարկել է Վ.Խաչատրյանի կողմից կատարված արտահայտությունների և ամբողջ գրառման բովանդակությունը, ինչպես նաև մինչ նրա գրառումը Ազգային ժողովի պատգամավոր Տ.Աբրահամյանի վարքագիծը, որին հասցեագրվել էր Վ.Խաչատրյանի գրառումը։ Հանձնաժողովը գտել է, որ իրավաչափության տեսանկյունից խնդրահարույց է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի խոսքի գործածումը, որը կարող է ողջամտորեն ընկալվել որպես առերևույթ բռնության սպառնալիք, անգամ եթե նման խոսքը կատարվել
է քաղաքական բանավեճի համատեքստում։ Հանձնաժողովը կարևորել է այն հանգամանքը, որ Վ.Խաչատրյանը խնդրո առարկա արտահայտությունը («ինչքան շուտ հելնես՝ էտքան քո բաժին չափալախը շուտ կստանաս») կատարվել է գրավոր խոսքում, ուստի Վ.Խաչատրյանը հնարավորություն ուներ իր խոսքը վերաձևակերպելու
այնպես, որ բացառվի դրա ողջամիտ ընկալումը՝ որպես բռնության սպառնալիք։

Վերոգրյալից ելնելով՝ Հանձնաժողովը գտել է, որ գրառումը պարունակում է Կանոնագրքի 48-րդ կետի առերևույթ խախտում, և որոշել է նախաձեռնել վարույթ»,- ասվում է որոշման մեջ։

Վահրամ Խաչատրյանի նկատմամբ, ամենայն հավանականությամբ, կկիրառվի կարգապահական տույժ, որը որևէ կերպ Խաչատրյանի վարքի դրսևորման վրա հետագայում չի անդրադառնա։ Հետքրքիր է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակած ՔՊ էթիկայի կանոնագրքի կանոնները խախտելու դեպքում ինչ «պատիժ» է սահմանվելու Վահրամ Խաչատրյանի կամ օրինակ Թալինի համայնքապետ Տավրոս սափեյանի նկատմամբ։

Մարզպետ Խաչատրյանը, 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն, հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 2 հողամաս, 2 ավտոկայանատեղի, 1 ավտոտնակ, 1 հասարակական նշանակության շինություն։

Ավտոկայանատեղիները գտնվում են Երևանում, իսկ մյուս գույքերը Նորապատ համայնքում։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց մարզպետը հայտարարագրել է 2013 թվականին ձեռք բերված CITROEN մարդատար մեքենա, իսկ տարվա ընթացքում ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի 2014 թվականի արտադրության ավտոմեքենա, որն արժեցել է 7 մլն 344 հազար դրամ։
Արդյունքում տարեվերջին ունեցել է 2 անշարժ գույք։

Ինչ ունեցվածք ունի Արմավիրի նոր մարզպետը.

Որպես թանկարժեք անշարժ գույք նա հայտարարագրել է 33 հազար դոլար արժողությամբ Rolex տեսակի ժամացույց, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։
Որպես թանկարժեք գույք մարզպետը հայտարարագրել է նաև 50 մլն 131 հազար դրամ արժողությամբ բնակարանի գնման իրավունք։

Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 469 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,8 մլն դրամ, 20 հազար դոլար, 78,5 հազար եվրո։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 499 հազար դրամ, որից 8 մլն 332 հազարն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանից։

Եկամուտներից 1 մլն 566 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 3,6 մլն դրամը կնոչ ղեկավարած ՍՊԸ-ից ստացված եկամուտ է վարձակալության դիմաց։
Ստացվում է կինը վարձակալել է ամուսնու ընկերությունը և ամսեկան վարձավճար է վճարում։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 52 մլն 15 հազար դրամ, որից 43,6 մլն դրամը բնակարանի հիփոթելի մայր գումարի մնացորդն է։

Վահրամ Խաչատրյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս