Կաթողիկոսի եղբոր որդուն՝ Կորյուն Ներսիսյանին, հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն և հարցաքննել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս հարցաքննությունը պայմանավորված է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական վարույթներով։ Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա փաստաբան Էմին Խաչատրյանից։
Վերջինս հաստատեց, որ Կորյուն Ներսիսյանը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հրավիրվել և հարցաքննվել է, սակայն այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ ստորագրել է նախաքննական գաղտնիքի տակ։
Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի նախկին տեղակալ Կորյուն Ներսիսյանը տևական ժամանակ կալանքի տակ է մնացել, իսկ վերջին ամիսների ընթացքում նրա խափանման միջոցը փոխվել է։
Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունիսի 11-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ, ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն. Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։
Կորյուն Ներսիսյանը չի ընդունում մեղադրանքը, իսկ գործը Հակակոռուպցիոն դատարանում արդեն շուրջ երեք տարի է՝ գտնվում է քննության փուլում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























