Armenian text to speach

Կառավարությունն առաջարկում է կատարելագործել հանրության գերակա շահ ճանաչելուն առնչվող օրենսդրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առաջարկում ենք նախատեսել, որ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումներն ավելի հիմնավորված լինեն, ինչպես նաեւ նախագծերը մինչեւ ընդունվելը պետք է անցնեն հանրային քննարկման հատուկ ընթացակարգ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով  Կառավարության հեղինակած ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ գործող օրենքի վերաբերյալ տեղի են ունեցել տարբեր քննարկումներ պետական մարմինների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ուսումնասիրվել է միջազգային փորձը, վեր են հանվել ոլորտում առկա խնդիրներն ու փորձ է արվել օրենսդրական ճանապարհով դրանց լուծումներ տալ:

Օտարվող գույքերի սեփականատերերի համար նախատեսվում է խրախուսական գործիքակազմ՝ կամավոր օտարման դեպքում սեփականատերերը կարող են ակնկալել շուկայական արժեքից բացի մինչեւ 30 տոկոս փոխհատուցում:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկատարելագործվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, արդյունքում կբարձրանա Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ կբարելավվեն ու կհստակեցվեն վարույթային եւ դատավարական ընթացակարգերը:

Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝  հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի՝ հունվարի 20-ի հերթական նիստում:




Լրահոս