ՏՂԱՆ ՏՈՒԺԵԼ Է ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին զանգահարած 25-ամյա Էրիկ Եղինյանը պատմեց, որ մի օր համացանցով ծանոթացել է Արտաշատ քաղաքի բնակիչ ոմն Հեղինեի հետ, վերջինս իրեն հրավիրել է իրենց բնակարան` ընտանիքի հետ ծանոթացնելու նպատակով, սակայն այնտեղ իրեն թալանել են: Էրիկի խոսքերով` ինքը Հեղինեի բնակարանում հանդիպել է չորս անծանոթ երիտասարդների, որոնք  փորձել են իր մոտ եղած հեռախոսը գողանալ:
«Ես «Օդնոկլասսնիկով» մի աղջկա հետ էի ծանոթացել, ինքն ինձ մի օր հրավիրեց իրենց տուն, ես էլ Ստեփանավանի բնակիչ եմ, ու էդ ժամանակ Երեւանում էի, դե ինքն էլ Արտաշատից էր: Ասեցի` քանի էստեղ եմ ու մոտ ա, գնամ ծանոթանամ: Երբ ես մտա նրա բնակարան, այնտեղ կային ինձ անծանոթ 4 տղաներ, որոնց կողմից ես ենթարկվել եմ ոտնձգությունների, նվաստացումների եւ ծաղրուծանակի: Այդ տղաներն ինձնից վերցրել են իմ բջջային հեռախոսն ու 5 հազար դրամ: Սակայն երբ ես նրանց ասացի, որ կդիմեմ իրավապահ մարմիններին, ինձնից վերցրած գումարն ու հեռախոսը վերադարձրին: Երբ ես ուզեցի դուրս գալ բնակարանից, այդ տղաներն ինձ թույլ չտվեցին, հետո ես ի վերջո կարողացա դուրս գալ»:
Վերջինս բնակարանի տղաների «ձեռքից» ազատվելուց հետո վերադարձել է Երեւան. «Իմ բջջային հեռախոսից զանգահարել եմ 1-02` Երեւան քաղաքի վարչություն, եւ նրանց հայտնել ինձ հետ տեղի ունեցածի մասին: Բայց ոստիկաններն ինձ չեն հավատացել, հիմա ինձ են մեղադրում սուտ մատնության համար, մի խոսքով` իրանք գործը կոծկել են: Բայց ես մի բան էլ ասեմ, եթե ես սուտ մատնություն անեի, ես կներկայանայի՞: Համ էլ ես ոստիկաններին  հայտնել եմ  նրա համար, որ միջոցներ ձեռնարկեն հետագայում նմանատիպ ոտնձգություններից ինձ զերծ պահելու ու իմ անվտանգությունն ապահովելու համար»:
Ըստ մեր զրուցակցի` Հեղինեի բնակարանում հանդիպած տղաներից մեկը ոստիկանության համակարգում է աշխատում, որի պատճառով էլ ամբողջությամբ գործն իր վրա են «շուռ» տվել: Էրիկը նշեց, որ իր գործի քննությամբ ոստիկանության Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչ Գարիկ Թառոյանն է զբաղվել, որին այժմ համակարգից հեռացրել են. «Հիմա ուրիշ վարույթում ա, ես անգամ ձայնագրություն ունեմ, որ ինձ հետ նման բան են արել, ես դա դատարանում կներկայացնեմ: Բնականաբար, ինձ ոտնձգության ենթարկած անձինք պետք է ժխտեն իմ նկատմամբ իրականացրած գործողությունները»:
Էրիկը հավելեց, որ միջադեպի կապակցությամբ ոստիկանության Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչ Գարիկ Թառոյանի կողմից իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով ապօրինաբար հարուցվել է քրեական գործ: «Ես չեմ էլ նախազգուշացվել սուտ մատնություն կատարելու համար, իմ արարքում չի կարող հանցակազմ պարունակվել, քանի որ իմ կողմից որեւէ անձի նկատմամբ սուտ մատնություն չի կատարվել»,-նշեց Էրիկը:
Այժմ այդ գործով մեկ այլ քննիչ` Պետիկ Շահինյանն է զբաղվում: Էրիկն իր գործի անարդար քննության համար բողոքարկել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում. «Պահանջել եմ վերացնել իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ քննիչ Գարիկ Թառոյանի կողմից ակնհայտ անհիմն որոշումը եւ դեկտեմբերի 16-ին` ժամը 3-ին, քննվելու է իմ բողոքը»:
Էրիկը շատ հուսահատ վիճակում է, վերջինս պահանջում է կրկին քննություն սկսել` պարզելու համար, թե իրականում ովքեր են մեղավոր: Նա վստահեցրեց, որ ինքն ամեն ինչ անելու է արդարությունը վերականգնելու համար:  Զրուցեցինք նաեւ տվյալ քրեական գործով քննիչ Պետիկ Շահինյանի հետ` պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործը: Վերջինս ասաց, որ ինքն իրավունք չունի տեղեկություն տրամադրել` գործի գաղտնիությունից ելնելով. «Գործը նախաքննության փուլում է, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս