«Հանրապետական մարզադաշտը տալիս եմ իրան նվեր, «Հրազդան»-ն էլ թող մնա իրան, միայն մի պայմանով` ոչ մի կառույց չկառուցվի այնտեղ, եւ մարզադաշտը կարողանանք օգտագործել որպես սպորտային կառույց»:
Շատ առատաձեռն անձնավորություն է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Ամեն ինչ նվիրում է իր կուսակցին` անգամ պետական սեփականությունը, միայն թե սպորտային ոլորտը փրկի: Բայց ախր չենք կարող չհիշեցնել, որ եթե այդքան առատաձեռն եք, ինչո՞ւ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից խլեցիք «Բջնի» հանքային ջրերի գործարանը: Իհարկե, ի տարբերություն շատերի` դրա համար Հայրապետյանը գոնե լուրջ գումար վճարեց պետբյուջե, բայց ամեն դեպքում, առատաձեռնությունը պետք է դրսեւորվի բոլոր ժամանակներում եւ իրավիճակներում: Ինչ վերաբերում է մարզադաշտին, ապա այն իսկապես վատ վիճակում է եւ խնամքի կարիք ունի: