ԱՄՆ կոնգրեսականները հույս են կապում Հովիկ Աբրահամյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝  Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: Վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:

Կոնգրեսականները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝  վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Նրանք  նշել են, որ իրենց համար մեծապես կարևոր էր ապրիլի 24-ին գտնվել Երևանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որին, չնայած բազմաթիվ զրկանքներին, հաջողվել է մեծ կամքի և տոկոնության շնորհիվ պահպանել և զարգացնել իր մշակույթը»,- նշել է Էդ Ռոյսը:

Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հայ-ամերիկյան համագործակցությունը, նշել է, որ որպես վարչապետ իր առաջնայնություններից է ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ մեր երկրում  ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը, մասնավորապես ընդգծելով առևտրաշրջառանության ծավալների ընդլայնման և  ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նշել է, որ իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը հաստատակամորեն ուղղված է  լինելու հավասար մրցակցային պայմանների ամրապնդմանը:

Այդ առումով, կոնգրեսականները համոզմունք են հայտնել, որ դա կնպաստի ամերիկյան տարբեր ընկերությունների կողմից ներդրումների ներգրավմանը:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը կոնգրեսականներին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրի հետ կապելու գործելաոճը:

 

 




Լրահոս