Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ով առանձնապես չի փայլում իր գտելիքներով, ինչպես շատ ՔՊ-ականներ, հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խոշորացույցի տակ, սակայն ոչ թե կոռուպցիայի ենթատեքստում, այլ՝ վարքագծի։
Բանն այն է, որ իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» գրած համայնքապետի նկատմամբ, ով նույնիսկ շփոթել է, թե որ համալսարանում է սովորում, Հանձնաժողովը վարույթ է հարուցել, լրագրողների հետ Հովհաննավանքում գռեհկաբար խոսելու պատճառով։
Հանձնաժողովը գտել է, որ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարը, պատասխանելով լրագրողների հարցերին, վիրավորել է նրանց․
Հանձնաժողովը ուսումնասիրել է այս տեսանյութը և եզրակացրել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է լրագրողների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, իր գործողություններով չխախտել լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները, չխոչընդոտել նրանց օրինական գործունեությանը և մասնագիտական աշխատանքին:
Քննարկելով Դ. Սարգսյանի կատարած արտահայտությունների բովանդակությունը(Կանոնագրքի 51-րդ կետի համատեքստում)՝ առանձին, ինչպես նաև նրան տրված հարցերի և իր պատասխանների ամբողջական բովանդակությունն ու ձևը, այդ թվում՝ տոնայնությունը՝ Հանձնաժողովը գտել է, որ թեև Դ.Սարգսյանի խոսքը չի կարող համարվել անձնական բնույթի խիստ վիրավորանք, այն, այնուամենայնիվ, առերևույթ վիրավորական, հեգնական է, տոնայնությամբ առերևույթ համաչափ չէ լրագրողների խոսքին և չի պարունակում լրագրողների վարքագիծը քննադատող, նրանց գործողությունները գնահատող բովանդակություն։ Հանձնաժողովը հատկապես խնդրահարույց է գտել Դ.Սարգսյանի խոսքի արտահայտման ձևը, այդ թվում՝ տոնայնությունը և ոչ վերբալ հաղորդակցման ձևը, որոնք, Հանձնաժողովի գնահատմամբ, առերևույթ ոչ հարգալիր են եղել։
Ըստ այդմ, Հանձնաժողովն արձանագրել է Դ.Սարգսյանի վարքագծում Կանոնագրքի 51-րդ կետի առերևույթ խախտման հատկանիշների առկայությունը և որոշել դեպքի առթիվ նախաձեռնել վարույթ։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում։ Վերջինս ոչ վաղ անցյալում՝ ամիսներ առաջ, Դիլիջանում բռնկված հրդեհը հանգցնելու համար ծխախոտը ձեռքին կանգնած էր հենց բռնկման կենտրոնում, որի պատճառով էլ հայտնվել էր հանրային պարսավանքի կենտրոնում։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մեկ անգամ էլ վարչական տուգանքի էր ենթարկվել այն բանի համար, որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով եւ հրատապ կարգով Դիլիջան քաղաքից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Նա 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 մլն 550 հազար դրամով վաճառել է եղբորը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել եւ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























