Այս պահին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը:
Նիստին չեն ներկայացել գործով տուժողներ Հայկ և Էմմա Հակոբյանները, տուժողի իրավահաջորդը, ինչպես նաև՝ ամբաստանյալ Պետրոսյանի` Ֆրանսիայից ժամանած պաշտպանները:
Նիստերի դահլիճ է ներկայացել նաև թարգմանիչ Հռիփսիմե Բաբայանը, ում դեմ կողմերը բացարկ չներկայացրին:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հիշեցրեց դատարանին, որ նախորդ նիստն ավարտվել է տուժող Տաթևիկ Հակոբյանի համար լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդության քնարկմամբ, ուստի՝ փաստաբանը հայտնեց դատարանին, որ իր պաշտպանյալին դեռևս չի ներկայացվել փորձագիտական եզրակացության հատկանիշները:
Այնուհետև պաշտպան Բաղդասարյանը հարց ուղղեց, թե ինչու նախաքննական մարմինը չի նշել, թե որտեղ է նստած եղել դեպքի օրը տուժող Էմմա Հակոբյանը, ինչին մեղադրող կողմը առարկություն հայտնեց, որ պաշտպանը «հասնում է նախորդ դար»:
Դատարանը, այս առարկությանն ի պատասխան, պաշտպան Նիկոլայ Բաղասարյանին ասաց, որ նա որևէ փաստաթղթի վրա չի կարող հիմնվել կամ ներկայացնել դրանք, քանի որ պետք է ներկայացնել կոնկրետ ապացույցներ:
Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ դատարանն իր խոսքը չի ընկալում, և հավելեց, որ տուժող Տաթևիկ Հակոբյանը չի ասել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել վթարը: Փաստաբանը տեղեկացրեց, որ վթարն իրականում տեղի ունեցել ճամփեզրին:
Ապա պաշտպանը ներկայացրեց իր կողմից վերծանված տուժողի ընկերուհու` Սիրանույշ Տռուզյանի հարցազրույցից մի հատված, որում նշվում է, որ Էմմա Հակոբյանը նստած է եղել նստարանների մեջտեղում: Մեղադրող կողմը սրան նույնպես առարկեց` նշելով, որ ինչ-որ մասնավոր անձի զրույցը ներկայացնել որպես ապացույց, սխալ է և հիմնավորում ունենալ չի կարող:
Ապա տուժողի պաշտպան Բալոյանն ասաց, որ լրատվամիջոցներն օբյեկտիվ չեն ներկայացնում նիստերի ընթացքը, ինչին ի պատասխան՝ դատավորն ասաց, որ լրատվամիջոցների լուսաբանումը չի կարող ազդել գործի քննության ընթացքի վրա:
«Եթե այս ամենն արվում է լրատվամիջոցների համար, դա ճիշտ չի: Նախ ես առարկում եմ, որ սա կցվի գործին, իսկ անդրադառնալով դատաբժշկական փորձաքննությանը` ասեմ, որ կես էջ Տաթևիկ Հակոբյանի կոտրվածքներն է ներկայացվում»,- իր ելույթում ասաց Բալոյանը: