«Ջավախքի համար մենք պետք է պայքարենք այնպես, ինչպես պայքարել ու պայքարում ենք Ղարաբաղի համար: Ջավախքի հայաթափումը կործանարար կլինի Հայաստանի համար: Չէ՞ որ դա նաեւ մեր պատմական հայրենիքի մի մասն է»,-երեկ իր մտահոգությունն է հայտնել «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Թորոսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի այցը Վրաստան որոշակի եւ հույս է առաջացնում վիրահայության խնդիրների լուծման համար: Իսկ որպեսզի այդ խնդիրներն իրենց լուծումը ստանան, անհրաժեշտ է նախագահական պաշտոնական հանդիպումների ժամանակ դրանք դարձնել օրակարգային թեմա:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն իրականում անո՞ւմ է ամեն ինչ` Ջավախքի խնդիրը լուծելու համար, թե՞ պարզապես շրջանցում է ջավախահայերի խնդիրները` Հայաստանի ունեցած ավտոճանապարհը չկորցնելու համար: Եւ ընդհանրապես, Դուք Ջավախքի խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին խնդիրը Ջավախքի դատարկումն է, որն իսկապես լավ չէ հայության համար, երկրորդ` Հայաստանն անում է ամեն ինչ, իսկ թե էլ ինչ պիտի անի, դա մի հսկայական քննարկման առարկա է: Բայց ես կարծում եմ, որ իշխանությունը ե՛ւ հիմա, ե՛ւ անցյալում բավականին բան արել է: Կան որոշակի սահմանափակումներ, որոնք նույնպես հասկանալի են: Այլ բան ավելացնել չեմ կարող:
ՀՀ նախագահին կից Հանրային
խորհրդի ղեկավար, ԱԺՄ նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է շատ ակտիվ աշխատել Վրաստանի Ազգային Ժողովի ու եվրոպական ինստիտուտների հետ, քանի որ Վրաստանն ավելի քան որեւէ մեկը Հարավային Կովկասում ձգտում է դեպի Եվրամիություն: Պետք է Վրաստանին պարտադրվի, որպեսզի ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրները կարգավորեն: Եւ երրորդը` ես տեսնում եմ՝ Հայաստանը պետք է մտածի Ջավախքի հայաթափման մասին, որը ես շատ վտանգավոր եմ համարում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Միանշանակ համամիտ եմ, որ Ջավախքը նույնքան թանկ է մեզ համար, ինչքան Ղարաբաղը, բայց իրականում շուրջ տասը տարի մենք ինչպե՞ս ենք պայքարում Ղարաբաղի համար: Ես կարծում եմ, որ այն պայքարը, որ իրականում այսօր իբր թե «տանում է» իշխանությունը, բացարձակ արդյունավետ չէ: Եւ երկրորդը` մենք կարեւորում ենք Ջավախքի ժողովրդի անկախացումը եւ միացումը Հայաստանին, բայց շատ լավ պիտի հասկանանք, որ մենք երկու ճակատ միաժամանակ ստեղծելու հնարավորություն չունենք:
ՍԴՀԿ ատենապետ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ