«Ես չեմ կարծում, որ այսօր Սահմանադրական բարեփոխումները հրատապ են, կան այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք ավելի շտապ լուծում են պահանջում»,-այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ նա նշեց, թե իրենք գտնում են, որ այդ կառավարության հրաժարականը նույնիսկ ուշացած էր:
«Ես Կառավարության գործունեությանը բազմիցս անդրադարձել եմ: Հրաժարականն ուշացած էր: Ես միշտ ասել եմ, որ Կառավարության գործունեությունը պետք է ագրեսիվ լինի», – նշեց նա:
Բաղդասարյանի խոսքով՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունները նորմալ են, ընկերական և աշխատանքային:
«Ինչպես լինում են երկու ընկերների մոտ, նա գնում է իր ճանապարհով, ես` իմ: Իհարկե, քննադատելու եմ նրան: Մենք պետք է առաջ գնանք առողջ մոտիվացիայով:
Նոր վարչապետի հետ նույնպես ունենք համատեղ աշխատանքի փորձ: Իսկապես, երկիրը լրջագույն խնդրի առաջ է կանգնած: Թե ինչպիսին կլինի նոր Կառավարության գործունեությունը, պարզ կլինի հետագայում», – նշեց նա:
Կոալիցիա վերադառնալու հավանականությունը Բաղդասարյանը բացառեց, պատճառաբանելով, որ նոր է դուրս եկել կոալիցիայից, իսկ երկրի ներսում հրատապ խնդիրներ կան:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՕԵԿ-ը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա նշեց.
«Եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա իմ կողմից կլինի ոչ բարոյական քայլ: Ավելին, Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել հեռանալու մասին», – նշեց նա: