Եթե ես ասեմ, որ ինձ չի մտահոգում ՕԵԿ-ից դուրս եկած նախարարների քայլը, ազնիվ չեմ լինի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, պատասխանելով armlur.am-ի այն հարցին, թե կուսակցության շարքերը լքած նախարարների քայլը չի՞ նշանակում, որ նրանք կուսակցությունում միայն պաշտոնի համար էին, նշեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
«Սակայն ես ըմբռնումով եմ մոտենում այդ որոշմանը: Իմ կյանքում էլի է եղել նման բան: Բոլոր նախարարներին իրենց պաշտոնում առաջարկել էինք մենք: Ես և Երիցյան Արմենը երկար տարիների ընկերներ ենք եղել, ես եմ առաջարկել, հիմա նրանք ասում են, որ չեն կարող լինել ընդդիմություն, որ միայն պետք է իշխանություն լինեն: Դե գնացե՛ք, մնացե՛ք իշխանություն:
Տավուշի փոխմարզպետն էլ ասեց, որ չի կարող պահել պաշտոնը, ցանկանում է կուսակցության շարքերում մնալ», – նշեց նա:
Խոսելով ՕԵԿ-ի հանդեպ բնակչության վերաբերմունքի մասին՝ Բաղդասարյանը փաստեց՝ ՕԵԿ-ի վարկանիշը կտրուկ ընկավ 2008-ից հետո: