Մոտավորապես 4 տարի երգչուհի Անչոկը երաժշտական դադարի մեջ էր, որդի էր ունեցել ու իրեն նվիրել էր երեխային, ընտանիքին: «Որպես կին` ինձ համար առաջնահերթն իմ ընտանիքն է, հետո նոր աշխատանքը: Բայց դադարի ընթացքում նաեւ երգեր եմ ձայնագրել ու ակումբ բացել»,-հավելեց երգչուհին:
Օրեր առաջ էլ Անչոկը նկարահանել է նոր տեսահոլովակ, որը կթողարկի նաեւ սինգլի տեսքով: Բայց ձայնասկավառակ չի լինի, քանի որ դառը փորձ ունի: Մինչ Անչոկը վաճառքի կհաներ իր առաջին օրիգինալ ձայնասկավառակը, «պիրատներն» իրենց սեւ գործն արեցին ու ավելի շուտ թողարկեցին կեղծը: Երգչուհուն մնում էր նվիրել իր ձայնասկավառակները:
Հեռուստատեսային նախագծերին էլ չի մասնակցում, քանի որ, իր իսկ խոսքերով ասած, մի քիչ դուրս է եկել այդ տարիքից. «Հրավիրում են, բայց չեմ համաձայնում, մի տեսակ հոգնել եմ: Թող փոքր տարիքով էրեխեքը մասնակցեն»:
-Որքա՞ն ժամանակ է, որ Դուք ակումբ ունեք, ի՞նչ ակումբ է:
-Համարյա 2 տարի է: Ընկերուհուս հետ ենք բացել ակումբը, այն կոչվում է «Շանսոն» ակումբ: Ես ավելի շատ բեմական գործունեությամբ եմ զբաղված, ընկերուհիս էլ հետեւում է բիզնեսին:
Ղեկավարում եւ ինքս էլ աշխատում եմ այնտեղ: Սեփական ակումբում աշխատելով` գրաֆիկս ավելի թեթեւ է, այսինքն` կարող եմ ինձ թույլ տալ մի քիչ ավելի ուշ գնալ աշխատանքի: Ինքս իմ գլխի տերն եմ: Չնայած ակումբային բիզնեսը լավ էլ դժվար է: Մեկ-մեկ հոգնում ես, նույնիսկ կատակով ասում` ավելի լավ էր խանութ ունենայի, առավոտներն աշխատանքի գնայի, երեկոյան հետ գայի: Ինձանից բացի, այդ ակումբում աշխատում են նաեւ իմ հին ու լավ ընկերները` Գագիկը Համբարձումյան, Էրիկը Մակարյան, իսկ Ադամյան Արտակն ակորդեոն է նվագում:
-Փաստորեն, Ձեզ մոտ աշխատում են միայն Ձեր ընկերնե՞րը:
-Ոչ միայն, սկսնակ կատարողներ էլ կան: Իսկ այն մարդիկ, որոնք աշխատում են մեր ակումբում, պատճառն այն չէ, որ իմ ընկերներն են, դրա համար, այլ որ նրանք մեր քաղաքում շանսոն երաժշտության ժանրում լավագույններն են:
-Իսկ ինչո՞ւ ակումբ, այլ ոչ ուրիշ բիզնես:
-Նկարիչն ուզում է ունենալ պատկերասրահ, դերասանը` թատրոն, երգիչն էլ` ակումբ կամ համերգային դահլիճ: Դե համերգային դահլիճը մեզ համար մի քիչ դժվար է, մնաց ակումբը:
-Ձեր ակումբում հնչում է բացառապես շանսո՞ն երաժշտություն:
-Ես կասեի ավելի շատ ռուսական երաժշտություն, դա կլինի նաեւ էստրադա, ռոմանսներ…
-6/8 չկա՞:
-Պատահում է, որ դա էլ է հնչում: Հայաստանում անգամ ջազ ակումբներում կարող է հնչել 6/8, ճիշտ է` այլ տեսակի իմպրովիզացիայով, բայց, ամեն դեպքում, հնչում է: Մենք շատ հազվադեպ ենք շեղվում, բայց պատահում է:
-Ենթադրում եմ, որ Ձեր հաճախորդներն էլ այդքան երիտասարդ չեն լինի:
-Շատ երկար տարիներ մենք աշխատում էինք «Օպերա» ակումբում, ու կար գիշերային շանսոնի ժամ, որտեղ շանսոնի սիրահարները գալիս էին մեզ լսելու: Մեր հանդիսատեսն ավելի մեծահասակ է, քառասունին մոտ եւ անց, երիտասարդներ համարյա թե չեն գալիս, շատ հազվադեպ: Ակումբ ստեղծելուց հանդիսատես չունենալու մտավախություն չկար, այդքան տարիների ընթացքում հասկացել էինք, որ քիչ չեն, կարեւորը որակ են կազմում: Յուրաքանչյուր մարդ ունի իր երաժշտական ճաշակը, իհարկե, հեռուստատեսությունն էլ իր գործն է այդ հարցում անում, նրանք են կարգադրում, թող չասեն` ռեստորաններն են:
-Ըստ Ձեզ, այսօրվա հեռուստատեսությունը մեզ որակյալ երաժշտություն մատուցո՞ւմ է:
-Միայն 50 տոկոսով, չեմ կարող ասել, որ ամբողջն աղբ է: Մեր ժամանակ կար «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը, որին անհամբեր սպասում էինք, մեզ մատուցում էին ամեն տեսակ երաժշտություն: Հիմա այդ տեսակ բաներ չկան:
-Սկսնակ կատարողները ողողել են եթերը: Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերում նորահայտ երգիչ-երգչուհիներին:
-Շատ լավ, նրանց մի քիչ ճաշակն է պակասում: Ինքս դասավանդում եմ երաժշտական քոլեջում, սերունդ եմ դաստիարակում ու տեսնում եմ, թե ինչ տաղանդավոր էրեխեք կան, բայց ճաշակ չկա:
-Իսկ ո՞վ է թելադրում այդ ճաշակը:
-Հեռուստատեսությունը, միանշանակ: Ինչքան էլ ինձ տանը դաստիարակեն ու սովորեցնեն, միեւնույն է, ես միացնելու եմ հեռուստացույցը ու լսեմ այն, ինչ ցույց են տալիս: Գիտե՞ք` մեզ ինչ է այսօր պակասում` սերը: Օտարամոլ ենք, ուրիշինն ենք սիրում, անուն ենք կպցնում մեր երգիչներին, մեր արվեստագետներին: Մենք մեզ չենք գնահատում, ու դա շատ ցավալի է: Տխուր է, որովհետեւ դրսում այդպես չէ, իսկ մենք մերոնց ավելի շատ փնովում ենք, բայց երբեք չենք գովում:
«ՄԵՆՔ ՄԵԶ ՉԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ