Երեկ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու նոր հրամանագիր է ստորագրել, որոնցից մեկի համաձայն Արտյոմ Սմբատյանը ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրի համաձայն Արտյոմ Սմբատյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի առաջին տեղակալ:
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքով հեռացավ Արտյոմ Սմբատյանը Միասնական սոցիալական ծառայությունից։
Ըստ մամուլի՝ Արտյոմ Սմբատյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն ու բարեկամն է, որը առողջապահության փոխնախարար է եղել հենց Թորոսյանի օրոք։ Սմբատյանը նաեւ նախկինում զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։
Սմբատյանը այս պաշտոնին նշանակվել էր 2025 թվականի սեպտեմբերի 9-ին և գրեթե մեկ ամսի անց ներկայացրել է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր։
Համաձայն հայտարարագրի Արտյոմ Սմբատյանը 2023 թվականին բնակարան է նվիրատվություն ստացել Երևանում Էրեբունի վարչական շրջանում Գոհար Հարությունյանի կողմից։
Սմբատյանը ևս մեկ բնակարան է ձեռք բերել Ծիծեռնակաբերդի խճուղի 13 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։
Տրանսպորտային միջոցներ Սմբատյանը չի հայտարարագրել։
Բանկային հաշիվների մնացորդները ՄՍԾ պետի պաշտոնը ստանձնելիս եղել է 30 մլն 486 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն 415 հազար դրամ։
Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 17 մլն 144 հազար դրամ, որից 15 մլն 816 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է «ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-ից, իսկ 1 մլն 327 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 16 մլն 143 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Արտյոմ Սմբատյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Այժմ էլ ստացվում է, որ «որտեղ Թորոսյանն այնտեղ էլ Սմբատյանը» սկզբունքն է գործում։
Հարկ է նշել, որ Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, աշխատում է Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ։
Էմմա Միքայելյան



























