Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է Իրանի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակմանը, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով War Zone ռազմական հարթակին։
Իսրայելի բանակի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ իրենք պատրաստվում են հավանական ամերիկյան հարվածին, սակայն դեռևս որևէ բան հստակ չէ։
«Ամեն ինչ կախված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունից»,- նշել է զրուցակիցը։
Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են սկսվել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Իրանական պետական հեռուստաընկերությունը, հղում անելով դատաբժշկական կազմակերպությանը, հայտնել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել Կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։
Հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել։
























