SHAMSHYAN.com-ի տեղեկություններով 2025 թվականի դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Արսեն Գ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով Արսեն Գ․-ի հայրը՝ Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Գ․-ն, ոստիկաններին հայտնել է, որ 2025թ․ դեկտեմբերի 15-ին ժամը 15։00-ի սահմաններում տղան իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է նույն գյուղում գտնվող իրենց հողամաս, որտեղ հողամասի արգելապատնեշը բացելու նպատակով, ավտոմեքենայի շարժիչը թողնելով միացված վիճակում, իջել է, որի ընթացքում ավտոմեքենան շարժվել է իր ուղղությամբ, և նա ընկել է ավտոմեքենայի տակ ու ստացել նշված մարմնական վնասվածքը։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։




























