Պուտինը Մերկելի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում «խստիվ դատապարտել է Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղ քաղաքացիների դեմ զինված ուժեր օգտագործելու Կիևի ռեժիմի փորձերը». գրում է itar-tass-ը:

Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է գերմանական կողմը:

Պուտինն ու Մերկելը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում ստեղծված օրհասական իրադրության շուրջ, այդ թվում՝ Ժնևում ապրիլի 17-ի պայմանավորվածությունների վերաբերյալ: Նրանք ընդգծել են Ռուսաստանի, ԵՄ և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ գազի մատակարարումների անվտանգության շուրջ շուտափույթ բանակցություններ վարելու կարևորությունը. նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Կրեմլում ասել են, որ քննարկվել են նաև հարցերը, որոնք վերաբերում են Ուկրաինայում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության գործունեությանը»:

Պուտինը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի արևելքում այդ երկրի իշխանությունների կողմից բանակի օգտագործումը «հետևանքներ կունենա»:

Մինչ այդ ՌԴ՝ ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում Մոսկվան կհիշի այդ հանրապետության տարածքում ՌԴ-ի զինված ուժերի օգտագործման վերաբերյալ Դաշնության խորհրդի թույլտվության մասին:




Լրահոս